Մայիսի 31-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի Լիջե գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների միջև բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող, վիրավորվել է ևս երկու զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Մինչ այս՝ մայիսի 30-ին, Թուրքիայի ուժայինների և քրդերի բախումներում վիրավորվել էր ևս 2 ուժային: Նույն օրը ևս 2 ոստիկան վիրավորվել է Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգում: Թուրքական կողմի փոխանցմամբ՝ PKK-ի զինյալների տեղադրած ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է ոստիկանների մեքենայի անցման պահին, ինչի արդյունքում էլ վիրավորվել են ոստիկանները: (1, 2):
Հիշեցնենք, որ մայիսի 22-ից Թուրքիայի ուժային կառույցները 10000 ուժայինի ներգրավմամբ ռազմական գործողություններ են իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ երկրի Դիարբեքիր նահանգի 6 գավառում:
Վերջին շրջանում թուրք-քրդական բախումները Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում կրկին ինտենսիվացել են: Բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի ուժայինները քրդերի դեմ կիրառում են ծանր զինտեխնիկա, ուղղաթիռներ, ԱԹՍ-ներ:
Բախումների հետևանքով մի շարք բնակավայրեր ավերվել են, Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներից տեղահանվածների թվաքանակը հասնում է մոտ 350-500 հազարի: