Եթե դրա համար անհրաժեշտ հիմքեր ներկայացվեն, ապա կարիք է լինելու զորքեր տեղակայել Սիրիայում՝ հրադադարի ռեժիմի մշտադիտարկման համար: Այս նպատակով Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել Սիրիա: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին, փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը:
Միաժամանակ խոսնակը նշել է, որ առայժմ ընթացքի մեջ են Սիրիայում ապաէսկալացման գոտիների վերաբերյալ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի բանակցությունները: Որոշումը հենց այս բանակցությունների ժամանակ կարող է ընդունվել:
Սիրիայում ապաէսկալացման գոտիներին իր հարցազրույցում մայիսի 30-ին անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա խոսքով այս գոտիները պետք է լինեն ոչ թե Սիրիայի տարածքի բաժանման ուրվագիծ, այլ պետք է լինեն համագործակցության հարթակներ:
ՌԴ նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է, որ ապաէսկալացման գոտիներում իշխող ուժերը Սիրիայի կառավարության հետ փոխգործակցության մեջ մտնեն, ինչը հակամարտության քաղաքական լուծման պետք է տանի:
Պուտինը նշել է, որ ներկայում խոսքը ապաէսկալացման 4 գոտիների մասին է, սակայն դրանց աշխարհագրական սահմանները դեռ ճշտված չեն:
Ապաէսկալացման այս գոտիների ստեղծման մասին, հիշեցնենք, որոշվել է մայիսի սկզբին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների ժամանակ: Այս տարածքներում արգելված է որևէ ռազմական գործողություն և անգամ ինքնաթիռների թռիչքներ:
Պայմանավորված երեք պետությունները Սիրիայի հակամարտությունում առավել մեծ մարդկային ռեսուրսներ ներդրած ուժերն են:
Ռուսաստանը Սիրիայի կառավարության հետ պայմանավորվածությամբ ավիաբազա է տեղակայել այնտեղ, ինչպես նաև խորհրդատուներ է գործուղում այնտեղ՝ Սիրիայի բանակի գործողություններում օժանդակություն ցույց տալու համար:
Թուրքիան դեռևս 2016 թվականի աշնանը առանց Սիրիայի կառավարության համաձայնության իր զորքով ներխուժել է սիրիական տարածք, այնտեղ գրավել է մոտ 2000 քառ կմ տարածք ու դուրս չի բերում իր զորքերը: Ներկայում էլ Թուրքիան իր տրամադրության տակ եղած տարածքում հիմնում է իբր տեղական խմբավորում, որն էլ հետագայում վերահսկելու է այդ տարածքը:
Իրանն իր հերթին պաշտոնական մակարդակում հայտարարում է, որ Սիրիա է գործողում միայն ռազմական հրահանգիչներ՝ Սիրիայի բանակին օժանդակելու համար: Սակայն հակամարտությանն Իրանի մասնակցության ամբողջ ընթացքում այնտեղ զոհվել են հազարավոր իրանցի զինվորականներ, որոնց պաշտոնական Թեհրանը ներկայացնում է որպես կամավորականներ: