Մայիսի 30-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է բանակցությունները Սաուդյան Արաբիայի հետ տեղական արտադրության նավերի մատակարարման համար: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի զենքի արտահանման վերաբերյալ կնքած նոր պայմանագիրը ոչ մի բացական ազդեցություն չի կարող ունենալ Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համագործակցության վրա: Ըստ նրա՝ ընդհակառակը, բանակցությունները շարունակվում են և շարունակվելու են:
Դրանից բացի, թուրքական արտադրության «Աթաք» ուղղաթիռների և «Ազգային նավ» ծրագրով կառուցվող նավերի մատակարարման հարցը, ըստ պաշտոնյայի, քննարկվում է ինչպես Պակիստանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի հետ:
Այս համատեքստում Դեմիրը նաև նշել է, որ արտահանման պոտենցիալ ունեն ոչ միայն «Աթաք» ուղաթիռները և թուրքական տեղական արտադրության նավերը, այլև տեղական արտադրության տարբեր տեսակի հրթիռները, ԱԹՍ-ները, էլեկտրաօպտիկական սարքավորումները և այլն: Բացի այդ, Դեմիրի խոսքով՝ պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչութունը որոշ երկրների հետ բանակցում է համատեղ ընկերությունների ստեղծման և համագործակցության հաստատման համար:
Նա նշել է, որ Թուրքիան աշխարհում մեծ տեղ չի գրավում որպես ռազմական արտադրության արտահանող երկիր, սակայն շարունակում է աշխատանքներն ու ջանքերը արտահանումը մեծացնելու հարցում: Այսինքն, այժմ թուրքական ռազմարադյունաբերության առաջնահերթություններից է սեփական արտադրանքի արտահանումը այլ երկրներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական նավաշինարաններից մեկի բարձրաստիճան ղեկավարներից մեկը հայտնել է, որ Թուրքիան Սաուդյան Արաբիային տեղական արտադրության ռազմանավեր է վաճառելու: Մասնավորապես աղբյուրը նշում է, որ Թուրքիան Սաուդյան Արաբիային վաճառելու է առնվազն 2 միավոր տեղական արտադրության «Իստամբուլ» դասի (I class) կորվետ կամ ֆրեգատ՝ յուրաքանչյուրը 300-ից 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ:
Իսկ մայիսի 20-ին՝ ԱՄՆ նախագահի՝ Սաուդյան Արաբիա այցի ընթացքում, երկու երկրները ստորագրել են զենքի արտահանման 110 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր: Կնքված պայմանագրի համաձայն՝ նախատեսվում է Սաուդյան Արաբիային նաև վաճառել բազմանպատակային ռազմանավեր, պարետային նավակներ, ուղղաթիռներ ու կից սպառազինությունը, որոնք թույլ կտան ապահովել նավագնացության անվտանգությունը:
Հետևաբար հավանական է, որ Սաուդյան Արաբիան նախընտրի ոչ թե թուրքական արտադրության, այլ հենց ամերիկյան արտադրության ռազմանավերը: