Թուրքիայի համար առաջնային է տեղական ՀՕՊ համակարգի ստեղծումը

Մայիսի 30-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) քարտուղար Իսմայիլ Դեմիրը «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ տեղական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման նախաձեռնությունը շարունակվում է, սակայն դա բավականին երկար ժամանակ կտևի:

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

Թուրքական արտադրության «ՀԻՍԱՐ» ՀՕՊ համակարգի արձակման կայան

«Մենք բաց ենք համագործակցության համար, բանակցությունները տարբեր ընկերությունների հետ շարունակվում են: Այս համատեքստում օրակարգ է եկել Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման թեման: Տարբեր համակարգերի վերաբերյալ մեր բանակցությունները, համատեղ աշխատանքը շարունակվում են: Ս-400 համալիրներն էլ այս բանակցությունների մի մասն են: Երբ այս հարցում կոնկրետ արդյունքներ կլինեն, մենք կբարձրաձայնենք այդ մասին, մինչ այդ պետք է սպասել կոնկրետ արդյունքերին», — ասել է Դեմիրը:

Նա նաև հայտարարել է, որ իրենց համար առաջնային է մնում տեղական ՀՕՊ համակարգի ստեղծումը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է կենտրոնանալ այդ նախագծի վրա:

Նա նաև նշել է, որ իրենց առաջնահերթությունների մեջ է մտնում թուրքական արտադրության «Աթաք» ուղղաթիռների, տեղական արտադրության ռազմանավերի, «Հյուրքուշ» ուսումնամարտական ինքնաթիռի, ԱԹՍ-ների կարողությունների ընդլայնումը և նոր զինատեսակների ու ռազմական տեխնիկայի արտադրությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան մի քանի տարի է, ինչ քննարկում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու տարբեր հնարավոր տարբերակներ: 2013 թ. հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն: Սակայն հետագայում ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայմանագիրը չեղարկվեց: Հետագայում Թուրքիան հայտարարում էր, որ սեփական համակարգեր կարտադրի, սակայն սա նույնպես դեռևս հնարավոր չի եղել իրականացնել:

Սկսած 2016 թ. դեկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 ԶՀՀ-ներ գնալու համար: Սակայն այս հարցը դեռևս քննարկման փուլում է: Թուրքիան դեռևս համաձայնության չի եկել, քանի որ բավարար գումար չունի համակարգեր գնելու համար, իսկ Ռուսաստանից վարկ վերցնելու դեպքում կհայտնվի հավելյալ կախվածության մեջ:

Բացի այդ, ավելի վաղ «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնել էր, որ բանակցությունները ձգձգվում են, քանի որ Թուրքիան պահանջում է տրամադրել նաև Ս-400-ի արտադրական տեխնոլոգիաների մի մասը և համատեղ արտադրություն սկսել:

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի բանակի Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգը զորավարժության ժամանակ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *