Հայաստանի և Կիպրոսի ՊՆ ղեկավարները պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը

Մայիսի 29-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական նախարարն այցելել է Կիպրոսի պաշտպանության նախարարություն, որտեղ, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը կիպրացի պաշտոնակցի՝ Խրիստոֆորոս Ֆոկաիդեսի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հայաստանի պաշտպանության նախարարի դիմավորման արարողությունը Կիպրոսում

Հայաստանի պաշտպանության նախարարի դիմավորման արարողությունը Կիպրոսում

Առանձնազրույցից հետո հայ-կիպրական բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Քննարկվել է պաշտպանական ոլորտում երկու բարեկամ երկրների համագործակցությունն ակտիվացնելու հետ կապված խնդիրների լայն շրջանակ։

Կիպրոսի պաշտպանության նախարարը, նշել է, որ 2002 թվականից ի վեր սա Հայաստանի պաշտպանության նախարարների առաջին պաշտոնական այցն է Կիպրոս և այն կարևոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու համար։

Կողմերը համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ, մասնավորապես՝ ռազմակրթական, կադրերի վերապատրաստման և մի շարք այլ ուղղություններով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել էապես ակտիվացնել փոխադարձ շփումները՝ դրանց պարբերական ու համակարգված բնույթ հաղորդելով։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև արցախյան հակամարտության կարգավորմանը։ Վիգեն Սարգսյանը ներկայացրել է արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Կիպրոսի պաշտպանության նախարարը ողջունել է խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի պատրաստակամությունը՝ չնայած ադրբեջանական կողմի պարբերական սադրանքներին։

Ընդլայնված կազմով հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում ամփոփել են կայացած բանակցությունների արդյունքները։

Կիպրոսի պաշտպանության նախարարությունում կայացել է նաև փաստաթղթերի ստորագրման արարողություն։ Մասնավորապես՝ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև պաշտպանական ոլորտում 2017 թվականի գործողությունների ծրագիրը», ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձաբար պաշտպանության մասին» համաձայնագիրը։

Մայիսի 29-ին, Կիպրոսի Հայոց առաջնորդարանում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է իրադրությունն արցախա-ադրբեջանական սահմանին, բանակում սկիզբ առած բարեփոխումների ընթացքը և պատասխանել ներկաների հարցերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *