Մայիսի 22-ից Թուրքիայի ժանդարմերիան ռազմական գործողություններ է իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ երկրի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի 6 գավառում: Գործողությանը ներգրավվել է շուրջ 10.000 ուժային: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Այդ ուժային կառույցներում ընդգրկված է հատուկ նշանակության 18 գումարտակ, ոստիկանության հատուկ նշանակության 1200 զինծառայող, 1457 «գյուղական պահապան»:
Մայիսի 30-ին Դիարբեքիր նահանգի 4 գավառներում «փողոց դուրս գալու» արգելք է հայտարարվել: Այդ արգելքը տարածվում է ընդհանուր առմամբ 43 գյուղի վրա: Հայտնում է «Սաբահ» պարբերականի կայքը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ուժայինները ակտիվացրել են ռազմական գործողությունները քրդական կառույցի դեմ: Քրդերի դեմ գործողություններում ներգրավված են ոչ միայն ոստիկանության և ժանդարմերիայի, այլև բանակի ուժերը:
Թուրքական արտադրության մի շարք ուղղաթիռներ, մարտական ԱԹՍ-ներ մարտական պայմաններում փորձարկվել են հենց քրդերի դեմ գործողություններում:
Թուրք-քրդական բախումների հետևանքով ավերակների են վերածվել բազմաթիվ բնակավայրեր: 2015 թվականից սկսած նաև այդ մարտերի հետևանքով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներից տարբեր հաշվարկներով տեղահանվել է 350-500 հազար բնակիչ: