Մայիսի 30-ին Տաջիկաստանում մեկնարկել է «Դուշանբե հակաահաբեկչություն 2017» ռուս-տաջիկական համատեղ զորավարժության ակտիվ փուլը։ Վարժանքներն անցկացվում են Տաջիկստանի «Հարբմայդոն» և «Լյաուր» զորավարժարաններում։ Այս մասին տեղեկացնում է տաջիկստանյան «Ավեստա» լրատվական գործակալությունը։
Զորավարժությանը ՌԴ ԶՈւ հատուկջոկատայինները տաջիկա-աֆղանական սահմանին ուղղաթիռներով փորձել են հայտնաբերել պայմանական անօրինական զինված խմբավորումների ճամբարները, նրանց զինապահեստը։ Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Հայտանբերելուց հետո պայմանական ահաբեկիչներին «վնասազերծել են»՝ գործի դնելով ավիացիա, հրետանի և հրթիռային համակարգեր։
Զորավարժությանը ռուսաստանյան կողմից մասնակցում է շուրջ 2000 զինծառայող և ավելի քան 300 միավոր տեխնիկա։
Ավելի վաղ զորավարժությանը մասնակցելու համար Տաջիկստան էին տեղափոխվել ՌԴ ԶՈւ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։ Մինչ այդ Տաջիկստանի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող Այնի ավիաբազայում վերատեղակայվել էր ՌԴ ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչների ավիախումբը։
«Դուշանբե հակաահաբեկչություն 2017»-ը ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի կազմակերպած առաջին զորավարժությունն է:
Տաջիկստանում հակաահաբեկչական զորավարժություններ անցկացվում են պարբերաբար, ինչը պայմանավորված է նրանով, որ Տաջիկստանը հարավում սահմանակցում է Աֆղանստանին: Սա մտահոգություն է առաջացնում, որ Աֆղանստանից կարող են ներխուժել «Թալիբանի» և «Իսլամական պետության» զինյալները: