Իրանի բանակի ռազմածովային ուժերի 46-րդ նավախումբը շուտով կավարտի իր ծառայությունը և կվերադառնա Իրան։ Հունիսին միջազգային ջրերում հերթապահության կուղարկվի Իրանի ՌԾՈւ 47-րդ նավախումբը։Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում և Կարմիր ծովում։
Ապրիլին Իրանը միջազգային ջրերում հերթապահության էր ուղարկել «Լավան» ռազմանավից և «Սաբալան» թիկունքային ապահովման նավից բաղկացած Իրանի ՌԾՈւ 46-րդ նավատորմը։
Իսկ ավելի վաղ՝ 2016-ի հոկտեմբերին, Իրանի ՌԾՈւ 44-րդ նավախմբին հաջողվել էր Ադենի ծովածոցում հետ մղել իրանական 2 առևտրային նավերի վրա ծովահենների հարձակումները: Ծովահենների մեկ այլ հարձակում նավախումբը կանխել է 2017-ի փետրվարին, Բաբ էլ Մանդեբի նեղուցում։