Թուրք-իրանական սահմանին 2 իրանցի սահմանապահ է սպանվել

Մայիսի 27-ին Իրանի հյուսիսարևմտյան  Արևմտյան Ադրբեջան (Ատրպատական) նահանգում PJAK-ի (քրդ. Partiya Jiyana Azad a Kurdistanê, «Քուրդիստանի ազատ կյանքի կուսակցություն»)  զինյալների հետ բախումների հետևանքով սպանվել է Իրանի սահմանապահ ծառայության 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։ 

Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

PJAK-ի զինյալներ

PJAK-ի զինյալներ

Սպանված սահմանապահներն են՝ մայոր Մոհամադռեզա Ֆիրուզին, ենթասպա Մոհամադռեզա Ֆարահին։

Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի սահմանապահ ծառայության հրամանատար, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզայիի  խոսքերով ՝ միջադեպի համար պատասխանատվություն պետք է կրի Թուրքիան։

Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Ղասեմին էլ հայտարարել է, որ  միջադեպի առնչությամբ Իրանն արդեն դիմել է Թուրքիային և սպասում է արձագանքի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2016-ի հոկտեմբերին,  Քուրդիստան նահանգի  Մարիվանի շրջանի  Գոլչինար գյուղի մոտ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)  վնասազերծել էր  PJAK-ի զինյալների։ Ահաբեկիչները փորձել էին հատել իրանա-իրաքյան սահմանը։

PJAK-ը Իրանում  ստեղծված  (2003թ) քրդական  կազմակերպություն է: Ղեկավարվում է PKK-ի կողմից: Գործում է հիմնականում Իրանի Քուրդիստան, Արևմտյան Ադրբեջան և Քերմանշահ նահանգներում:

Կառույցի ռազմական թևը կոչվում է HRK (քրդ. Hêzên Rojhilata Kurdistan, «Արևելյան Քուրդիստանի ինքնապաշտպանություն»): Վերջինս  2004 թվականից Իրանում քրդական ազգային ինքնավարություն ստեղծելու համար  բախումների մեջ է իրանական  իշխանությունների հետ:

Հավելենք,  որ Թուրքիան «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարի շրջանակներում պատրաստվում է Իրանի հետ սահմանի երկայնքով ևս պատ կառուցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *