Պենտագոնը տեղյակ չէ Իրաքին և Քուվեյթին մատակարարած զենքի ճակատագրի մասին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (դեպարտամենտ) հայտարարել է, որ կորցրել է Իրաքին և Քուվեյթին մատակարարված սպառազինության և ռազմական տեխնիկայի նկատմամբ վերահսկողությունը: Այդ զենքի ծավալը կարող է լինել 1 մլրդ դոլարից ավելի: Այս մասին հայտնում է Amnesty International կազմակերպությունը:

Զենքի նկատմամբ վերահսկողության կորստի մասին հայտնի է դարձել Պենտագոնում կատարված աուդիտի փաստաթղթերի գաղտնազերծումից հետո: Ստուգումը ցույց է տվել, որ գերատեսչությունը չունի հստակ, թարմ տեղեկություններ, թե որտեղ և ում ձեռքին են ԱՄՆ մատակարարած զենքերը:

Ամերիկյան տեխնիկան տեղափոխվում Սիրիա

Ամերիկյան Humvee (HMMWV) զրահապատ մեքենաներ (արխիվ)

Փաստաթղթերում նշվում է, որ զենքի վերահսկողության վերաբերյալ զեկույցների մի մասը ամբողջական չեն, մյուսների ձեռագիր լինելը, կրկնությունները և այլ գործոններ կասկածելի են դարձնում դրանց վավերականությունը:

1,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ այս զինատեսակների մի մասը ITEF ծրագրով Իրաքին են մատակարարվել՝ ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի դեմ պայքարի համար: Սպառազինությունը հանձնվել է Իրաքի կառավարական ուժերին և քրդական ինքնավարությանն ու այլ կառավարամետ ուժերին:

Ըստ  Amnesty International կազմակերպության հրապարակման՝ վտանգն այն է, որ այդ սպառազինությունը կարող էր հայտնվել հենց ահաբեկիչների ձեռքում:

Իրաքին և Քուվեյթին այս ծրագրերով մատակարարված սպառազինության հստակ ցանկը հրապարակման մեջ չի ներառվել, սակայն նշվում է, որ դրա մեջ կան ծանր զինատեսակներ, ականանետներ, հրաձգային զինատեսակներ և այլն:

ԱՄՆ պետքարտուղարության կայքի տվյալներով՝ ITEF (Iraq Train and Equip Funding) ծրագրով միայն մինչև 2015 թվականը Իրաքի կառավարական ուժերին և կառավարամետ մյուս խմբերին մատակարարվել է.

  • 1200 միավոր ռազմական փոխադրամիջոց,
  • 20 000 միավոր թեթև և ծանր զենք,
  • 2000 միավոր AT-4 նռնականետ,
  • ականադաշտերի հաղթահարման միջոցներ,
  • այլ տեխնիկա:

Նույն ծրագրով ամերիկյան կողմն Իրաքի զինծառայողներին է հանձնել հավելյալ 3,6 տոննա զենք ու զինամթերք, ինչպես նաև մարզել է Իրաքի բանակի և ուժային այլ կառույցների 2000 զինծառայողների, որոնց նույնպես հավելյալ մատակարարվել է նույնպիսի սպառազինություն և ռազմական տեխնիկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *