Մայիսի 27-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում կայացած խորհրդակցության ընթացքում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ռազմական ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ գնդապետ Արթուր Բաղդասարյանի մասնագիտական գիտելիքներն ու աշխատանքային փորձը կնպաստեն ռազմական ոստիկանության գործունեության և զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունավետության առավել ամրապնդմանը, ինչպես նաև զինված ուժերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթների հայտնաբերմանն ու կանխարգելմանը:
Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը երեք տարի ժամկետով նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ: Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանն ազատվել էր նույն պաշտոնից։