Մայիսի 26-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նույն հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստան է մեկնել նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը:
ԱՊՀ պաշտպանության նախարարների նախորդ հանդիպումը եղել է 2016 թվականի նոյեմբերին: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների համագործակցությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր, ամփոփվել են 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2017 թ.-ին պլանավորված համատեղ աշխատանքային ուղղությունները:
Նիստի արդյունքներով որոշումներ են ընդունվել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի, կապի համակարգերի զարգացման, ինչպես նաև հումանիտար ականազերծման, զինվորական կադրերի պատրաստման, մարտական պատրաստության և դաշտային համատեղ վարժանքների, ռազմամարզական և կրթական այլ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ: