2017 թվականի ամառային զորակոչի ժամանակ ՀՀ ՊՆ առաջարկած «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը չեն գործի, քանի որ դրանք դեռևս չեն հաստատվել: Ծրագրերը դեռ պիտի անցնեն հանրային քննարկումների փուլ և խորհրդարանի կողմից ամրագրվեն օրենքով: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է ծրագրերը գործարկել հաջորդ՝ ձմեռային զորակոչի ժամանակ:
Ծրագրերը ներկայացվել են 2017 թվականի ապրիլի վերջին Երևանում անցկացված «Ազգ-բանակ» կրթական համաժողովի ժամանակ: Դրանց մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ և այստեղ:
Մինչ այդ ՀՀ կառավարությունը մայիսի 25-ի նիստի ընթացքում որոշել է 2017 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական և մարզային զորակոչային հանձնաժողովներ, հաստատել է կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության կայքում:
Հաստատվել է նաև hանրապետական հանձնաժողովի կազմը, որի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: Հանձնաժողովի կազմում են մի շարք նախարարությունների ղեկավարներ, ինչպես նաև ՀՀ ոստիկանության պետը, ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրենը, ՀՀ գլխավոր դատախազը, զինվորական կոմիսարը և այլն:
2017 թվականի ձմեռային զորակոչին ընդառաջ փոխոխություններ էին եղել զորակոչի անցկացման, այդ թվում նաև վիճակահանության կարգում։ Այսուհետ կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները ևս մեկ անգամ անցնելու են բուժզննություն։ Սահմանվել էին նաև զորակոչիկների դասակարգման նոր կատեգորիաներ:
2017-ի մայիսի 15-ին ՀՀ նախագահ, ՀՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ստորագրել է զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը: