Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Չժան Ֆենխուային: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Վիգեն Սարգսյանը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել է հաջողություն Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում:
Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այդ թվում նաև` պաշտպանական բնագավառում, քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման և զարգացման ուղիները:
Չինաստանի հետ Հայաստանը ռազմական ոլորտում համագործակցում է մասնավորապես կադրերի պատրաստման հարցերում: 2013 թվականին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Չինաստան, որտեղ քննարկել է ռազմական կրթության, բժշկության, մարտական պատրաստության, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:
Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի կողմից անհատույց տրամադրվող ամենամյա ռազմական օգնության վերաբերյալ համաձայնագիրը` 5 միլիոն չինական յուանի (շուրջ 823 հազար ԱՄՆ դոլար) չափով:
Իսկ 2017 թվականի ավարտին Հայաստան է այցելել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի միջազգային ռազմական համագործակցության գրասենյակի պետ, դերծովակալ Գուան Յուֆեյի պատվիրակությունը: Պատվիրակության անդամներին ընդունել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, պաշտպանության նախարարի տեղակալ- ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանը Չինաստանից է գնել WM-80 «Թայֆուն» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: