Հունվարի 1-ից մինչև մայիսի 22-ը Թուրքիայի ուժային կառույցներն իրականացրել են 4786 գործողություն ընդդեմ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկիչներ:
Թուրքական պետական «Անադոլու» գործակալության հրապարակման համաձայն՝ գործողությունների ընթացքում սպանվել է քրդական կառույցի 316 զինյալ, 6 զինյալ վիրավորվել է, 187 զինյալ ձերբակալվել է: Քրդական կառույցի ևս 133 զինյալ, ըստ թուրքական կողմի, հանձնվել է ինքնակամ:
Նույն հրապարակման համաձայն՝ Թուրքիայի ուժայինները ոչնչացրել են քրդական կառույցի զինյալների 657 թաքստոց, առգրավել են.
- 352 միավոր ինքնաշեն պայթուցիկ սարք,
- 1610 միավոր ձեռքի նռնակ,
- 2000 միավոր հրազեն,
- 33 տոննա պայթուցիկ նյութեր:
Թուրքիայում PKK-ի դեմ գործողությունների նոր փուլը սկսվել է 2015 թվականից: Այս ընթացքում քրդական զինված խմբավորման զինյալների դեմ մարտեր են մղվել և շարունակում են մղվել Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում, ինչպես նաև Իրաքում:
Քրդական կառույցի դեմ Թուրքիայի իշխանությունները օգտագործում են ինչպես ոստիկանության և ժանդարմերիայի, այլև բանակի ուժերը՝ ծանր զրահատեխնիկայի և օդուժի ներգրավմամբ: Թուրքական արտադրության մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ ուղղաթիռներ, մարտական ԱԹՍ-ներ, մարտական պայմաններում փորձարկվել են հենց քրդերի դեմ գործողություններում:
Մարտերի հետևանքով ավերակների են վերածվել այդ շրջանների բազմաթիվ բնակավայրեր: 2015 թվականից սկսած նաև այդ մարտերի հետևանքով Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներից տարբեր հաշվարկներով հեռացել է 350-500 հազար բնակիչ:
Սիրիայի քրդական կառույցները ներկայացնելով որպես PKK-ի «մասնաճյուղ» կազմակերպություններ՝ Թուրքիան արդարացնում է նաև Սիրիայի տարածքում իր գործողությունները՝ հայտարարելով, թե պայքարում է ահաբեկիչների դեմ: