Բաթումիում անցկացված Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման շրջանակում առանձին հանիպում են ունեցել են Թուրքիայի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Ֆիքրի Ըշըքը և Լևան Իզորիան: Միաժամանակ Թբիլիսի է ժամանել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի եվրոինտեգրման և Հյուսիսատլանտյան դաշինք մուտք գործելուն վերաբերող հարցեր: Ուշադրության է արժանացվել ռազմական կրթության և համատեղ զորավարժությունների անցկացման ոլորտներում համագործակցությանը: Կողմերը քննարկել են նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական գործողությանը իրենց մասնակցությունը:
Այդ նույն օրը Թբիլիսում հանդիպել են նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Կողմերը քննարկել են տնտեսական և քաղաքական համագործակցությունը, այդ թվում եռակողմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով:
Ավելի ուշ կայացել է նաև վրաց-թուրքական համագործակցության գծով ռազմավարական խորհրդի նիստը, որին մասնակցել են երկու երկրների կառավարության կազմի անդամները:
Այսօր՝ մայիսի 23-ին, Բաթումիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: