Հայաստանը ռազմատեխնիկական համագործակցություն ունի ոչ միայն ՀԱՊԿ գործընկերների, այլև մի շարք այլ պետությունների հետ: Որոշ պետությունների հետ Հայաստանն ունի համաձայնագրեր՝ կոնկրետ ուղղություններում ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ: Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Հայ-լեհական «Լյուբավա-Արմենիա» համատեղ ձեռնարկության ջերմաքողարկիչ ցանցով ծածկված Տ-72 տանկը ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ
— Դա ոչ միայն մեր եվրոպական գործընկերներն են, ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամներն են, այլ նաև ՀԱՊԿ պետություններն են: Օրինակ, Բելառուսի հետ ունենք նման բան, մեր մյուս դաշնակիցների, մյուս տարածաշրջանների պետությունների հետ, — նշեց Այվազյանը:
Պաշտոնյայի խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցության կոնկրետ ոլորտները տարբեր են՝ կախված նաև այդ պետությունների հետաքրքրություններից:
— Յուրաքանչյուրի հետ իրականացնում ենք կոնկրետ պրոեկտներ, կոնկրետ ծրագրեր՝ նայած, թե որն է այդ պետության հետ ավելի արդյունավետ համագործակցության ոլորտը, նայած, թե այդ պետությանը ինչ է հետաքրքրում, ինչ տեխնոլոգիաներ կան, ինչ արտադրական հնարավորություններ կան:
Լևոն Այվազյանի խոսքով՝ ռազմատեխնիկական համագործակցությունն արդյունավետորեն իրականացվում է մասնավորապես Լեհաստանի, Հունաստանի և մի շարք այլ պետությունների հետ:
— Կոնկրետ պրոեկտներ կան, որ իրականացնում ենք: Մենք նույնիսկ այստեղ հայ-լեհական համատեղ ձեռնարկություն ունենք, որը և մեր զինված ուժերին է մատակարարում որոշակի ապրանքներ, և արտերկիր է արտահանում: Ունենք շատ այլ կազմակերպություններ:
Ավելացնենք, որ 2015-2016 թվականներին Հայաստանը մշակել է Հունաստանի և Չեխիայի հետ ռազմատեխնիկական, իսկ Սերբիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրերի նախագծեր: Դրանց մեջ դիտարկվող համագործակցության ուղղություններից են.
- զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն,
- ռազմական հետազոտությունների և գնահատման ոլորտում փորձի փոխանակման հետ կապված համագործակցություն,
- զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում,
- ռազմական նշանակության արտադրանքի արտադրության համար համատեղ կազմակերպությունների հիմնադրում: