Ռուսաստանից 200 մլն դոլարի զենքի մատակարարումների բոլոր պայմանագրերը կնքված են

200 մլն դոլարի վարկով Ռուսաստանից գնվող սպառազինության բոլոր պայմանագրերն արդեն կնքվել են, և սկսվել է դրանց կատարման փուլը: Այս մասին Ռազմինֆոյին հայտնեց ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:

Վարկով գնվող սպառազինության համաֆինանսավորման համար մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը կատարել է հերթական փոխանցումը, և այդ որոշման հիմնավորումից հայտնի է դարձել, որ գնվող սպառազինության համար կնքվել է 18 պայմանագիր:

Լևոն Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պայմանագրերը հենց տասնութն են, և դրանք բոլորն են:

— Բոլոր պայմանագրերը կնքվել են: Մենք այդ էտապը հաղթահարել ենք արդեն: Մենք հիմա գտնվում ենք արտադրական պրոցեսի մեջ և ներկրման պրոցեսի մեջ, — նշեց Այվազյանը:

Արդեն կատարված ֆինանսական փոխանցումների մասին նշեց, որ դրանք կախված են կնքվող պայմանագրերի և զենքի մատակարարումների ժամկետներից:

— Երբ որ ժամանակը հասունանում է կոնկրետ պայմանագրի շրջանակներում կոնկրետ սպառազինությունը ներկրելու, այդ ժամանակ փոխանցումը կատարվում է … Դա կախված է ներկրման ժամկետներից, դա կախված է արտադրության ժամկետներից և այլն: Զուտ տեխնիկական խնդիր է:

Ավելացնենք, որ մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել զենքի գնման համար Ռուսաստանից ստացած վարկի մարմանը:

Ավելացնենք, որ Ռուսաստանի վարկով Հայաստանի պատվիրած զենքի ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ։ Սպառազինությունը պիտի ձեռք բերվի 2015-2017թթ., սպառազինության ցանկը կարող է փոխվել կողմերի համաձայնությամբ։

Պայմանագրով նախատեսվում է, որ հայկական կողմը կարող է ամեն առանձին պայմանագրով նախատեսված գումարի մինչև 90%-ը վճարել վարկի միջոցներից։ Վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով, իսկ գնումները կատարվելու են ռուսական ռուբլով անմիջապես արտադրողներից, առանց միջնորդների։

2017-ի հունվարին ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ պատվիրված զենքի մի մասն արդեն մատակարարվել է.

«200 մլն վարկով գնված տեխնիկայի մի մասն արդեն Հայաստանում է և մատակարարված է զինված ուժերին, դրված է ծառայության։ Մյուս աշխատանքները շարունակվում են ըստ ժամանակացույցի»:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *