Բելառուսական «Ինդելա» ընկերությունը MILEX-2017
ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարք՝ ռեակտիվ ջերմաճնշային (թերմոբարիկ) արկերով: Այս պահին անօդաչուն գտնվում է գործարանային փորձարկման փուլում: Այս մասին հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Բելառուսական Белта գործակալության հրապարակած լուսանկարից երևում է, որ անօդաչու սարքը չհավաքվող շասսիով միապտուտակ ուղղաթիռ է: Այն նախատեսված է հակառակորդի թեթև զրահափոխադրիչները և ավտոմոբիլային տեխնիկան, կենդանի ուժը, կառույցները, կրակային կետերը շարքից հանելու, ինչպես նաև հետախուզության համար:
Ցամաքի հետ կապի խզման դեպքում սարքը ծրագրավորված է ինքնուրույն կապ փնտրելու, ելման դիրք վերադառնալու և նախօրոք նշանակված էվակուացիայի շրջանում վայրէջք կատարելու համար:
«Ինդելա» կոնստրուկտորային բյուրոն մասնավոր ընկերություն է, որը մասնագիտացած է ԱԹՍ-ների նախագծման և արտադրման ուղղությամբ:
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերին ArmHiTec հայկական ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացվել է ուղղաթիռային տիպի ՈւՀ-01 հայկական անօդաչու թռչող սարքը: