Բաթումիում հանդիպել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Այսօր՝ մայիսի 23-ին, Բաթումիում կայացել է Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Նախարարները ցանկություն են հայտնել ընդլայնել համատեղ զորավարժությունների մասշտաբները: Այս մասին հայտնել է Վրաստանի ՊՆ կայքը:

Վրացական կողմը առաջարկել է նաև լեռնային պատրաստություն Սաչխերիի իր դպրոցը շարունակել օգտագործել Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականների պարապմունքների համար:

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում Բաթումիում. 05/23/2017. լուսանկարը՝ Վրաստանի ՊՆ-ի

Նախարարները քննարկել են նաև ռազմա-սպորտային ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր: Ուշադրություն է դարձվել նաև երկրների ԶՈւ գլխավոր շտաբի պետերի հանդիպումներին:

Եռակողմ համագործակցության շրջանակներում այս տարվա հունիսի 4-14-ը Թուրքիայում  երեք երկրների հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ կանցկացվեն «Կովկասի արծիվ» վարժանքներ: Նշենք, որ նմանատիպ վարժանքներ եղել են նաև նախկինում: (1,2)

Նախորդ տարի այն անցկացվել էր հունիսի 6-12-ը: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկջոկատայիններից բացի վարժանքներին մասնակցում էին նաև Բուլղարիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները:

Հանդիպման ավարտին երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ կողմերը ճանաչում են տարածքային ամբողջականությունը ու սուվերենությունը, ինչպես նաև զարգացնելու են եռակողմ համագործակցության մեխանիզմները:

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի համատեղ իրականացման հարցեր:

Հանդիպման մասին դեռ մայիսի 11-ին հայտարարել էր Վրաստանի պաշտպանության նախախրար Լեվան Իզորիան: Նախարարը նշել էր, որ կողմերը  Բաթումիում կստորագրեն եռակողմ ռազմական համագործակցության մասին հուշագիր:

Սա եռակողմ ձևաչափով նախարարների 5-րդ հանդիպումն է, իսկ Վրաստանում այն անցկացվում է 2-րդ անգամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *