ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կապի մեջ է դաշնակիցներ Գերմանիայի և Թուրքիայի հետ՝ գերմանացի պատգամավորների կողմից թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա այցելությունների հարցով: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
Թուրքիան, հիշեցնենք, արդեն երկրորդ անգամ թույլ չի տալիս, որ գերմանացի պատգամավորներն այցելեն «Ինջիրլիք» ավիաբազա, որտեղ ծառայում են նաև Գերմանիայի ԶՈւ ստորաբաժանումներ՝ 250 զինծառայող:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրենք կապի մեջ են երկու կողմերի հետ՝ լուծում գտնելու համար: Ստոլտենբերգը, սակայն, հրաժարվել է մեկնաբանել գերմանական ստորաբաժանումների հնարավոր դուրսբերումն այդ բազայից՝ հարցը համարելով զուտ տեսական:
Մինչ այս գերմանական կողմն արդեն հայտարարել է, որ Թուրքիայից ստորաբաժանումների դուրսբերման դեպքում Հորդանանը պատրաստ է իր տարածքում ընդունել այդ ստորաբաժանումներին:
Գերմանական ստորաբաժանումները Թուրքիայում են տեղակայվել Սիրիայի ահաբեկչական խմբավորումների դեմ մարտերում ԱՄՆ գլխավորած կոալիցիային «Տորնադո» ինքնաթիռների միջոցով ստացվող հետախուզական տվյալներով աջակցելու համար:
Թուրքիայից դուրսբերման դեպքում այս ստորաբաժանումները նույն խնդիրները կարող են կատարել հենց Հորդանանից, ինչպես նաև Կիպրոսից ու Քուվեյթից: Այս երեք երկրների 8 ավիաբազաներ արդեն դիտարկվում են հնարավոր տեղափոխման համար: («Ինջիրլիքի» դիրքը տես քարտեզում):
Թուրքական ավիաբազա Գերմանիայի խորհրդարանի պատգամավորների այցը երկրորդ անգամ արգելվել է մայիսի կեսերին: Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է.
«Թուրքական կողմը մեզ վերջնականապես տեղեկացրել է, որ Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի պատգամավորների՝ մայիսի 16-ին կայանալիք այցը [«Ինջիրլիք» ավիաբազա] համաձայնեցված չէ»:
Նախորդ տարվա հուլիսին Թուրքիան ևս արգելել էր գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա: Թուրքիան իր արգելանքը բացատրում էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ:
Թուրքիան,սակայն, թույատրեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին գերմանացի պատգամավորները, այնուամենայնիվ, այցելեն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված գերմանացի զինվորականներին:
Թույլատրման հետ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշել էր, որ Գերմանիային արգելել էին ռազմաբազա մուտք գործել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձևի պատճառով: Սակայն այժմ գերմանական կողմը կատարել է իր առջև դրված պայմանը՝ հայտարարելով, որ բանաձևը իրավական ուժ չունի:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերից և 2016 թվականի հունվարից Ինջիրլիքում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքմանը: