Սիրիայում զոհվել է Ռուսաստանի ԶՈւ ևս 2 զինծառայող

Ռուսաստանի զինված ուժերի երկու զինծառայողներ՝ մայոր և կապիտան, զոհվել են Սիրիայում մարտական գործողությունների ժամանակ՝ սիրիական ուժերի հետ քաշվելուց հետո ահաբեկիչների թիրախում հայտնվելով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «РБК» գործակալությունը:

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները

Սիրիայում գործող ռուսաստանյան «Վագների» զինվորական մասնավոր խմբի անդամները (արխիվ)

Հետախուզական գումարտակի հրամանատար, մայոր Ալեկսանդր Սկլադանը (37-ամյա) և գրոհային գումարտակի հրամանատար, կապիտան Եվգենի Կոնստանտինովը (32-ամյա) Սիրիա էին գործուղվել որպես ռազմական հրահանգիչներ (խորհրդատուներ): Վերջինը Սիրիա էր գործուղվել 2017 թվականի մարտին և մասնակցում էր ահաբեկիչների դեմ մարտերի պլանավորմանը:

Երկու զինծառայողները զոհվել են ահաբեկիչների դեմ մարտում մայիսի սկզբին: Նրանցից կապիտան Կոնստանտինովը փորձել է հրաձգության տակից դուրս բերել վիրավորված մայոր Սկլադանին: Այդ ընթացքում սիրիական ուժերը նահանջել են, և ՌԴ ԶՈւ զինծառայողներն ընկել են ահաբեկիչների կրակի տակ: Երբ սիրիական ուժերը վերագրավել են այդ տարածքը, զինծառայողներն արդեն սպանված են եղել:

РБК գործակալության տվյալներով՝ Սիրիայում մարտական գործողություններին Ռուսաստանի մասնակցության մեկնարկից մինչև հիմա այնտեղ զոհվել է ՌԴ ԶՈւ 33 զինծառայող (անվանական ցուցակը պարբերաբար թարմացվում է):

Reuters լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել է, որ միայն Պալմիրայում Ռուսաստանի կողմից զոհվածների թիվը 2017-ի հունվարի վերջից մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում ՌԴ ՊՆ հրապարակած տվյալներին գերազանցում է 4 անգամ՝ հասնելով 21-ի: Ռուսաստանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է միայն 5 զոհի մասին:

Ավելի ուշ, սակայն, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Reuters գործակալության տարածած տեղեկատվությունը և ողջ հոդվածն անվանել «սեփական վերնագիրը արդարացնելու համար տառերի կույտ»:

Ավելացնենք նաև, որ 2015թ. մայիսից Ռուսաստանի նախագահի հրամանագրով պետական գաղտնիք են համարվում խաղաղ պայմաններում հատուկ գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների մասին տվյալները: Մինչ այդ արդեն գաղտնիք էին համարվում նաև ռազմական դրության պայմաններում անձնակազմի կորուստները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *