Ռուսաստանը նախատեսում է Ղրղզստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին համաձայնագիր կնքել: Այսպիսի համաձայնագիր Ռուսաստանը ունի կնքած նաև Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի հետ: Այս մասին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Անդրեյ Բոյցովը, փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:
Բոյցովը հայտնել է, որ այս համաձայնագրերը թույլ են տալիս առավելագույն կերպով հեշտացնել երկրների մեջ համագործակցությունը, ինչպես նաև անմիջապես աշխատել ձեռնարկությունների հետ:
Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները առաջադրանք են տվել ազգային ռազմաարդյունաբերական համալիրների արդիականացման վերաբերյալ: Այն վերաբերում է նաև ազգային բանակների սպառազինություններում առկա և հետագայում արտահանվելիք զինտեխնիկայի սպասարկման կենտրոնների ստեղծմանը:
Համաձայնագիրը թույլ է տալիս Ռուսաստանից սպառազինություն գնելու համար անմիջականորեն բանակցել արտադրող գործարանների հետ և սպառազինությունը գնել Ռուսաստանի ներքին գներով, առանց միջնորդների:
Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման նման համաձայնագրեր Ռուսաստանը կնքել է նաև Հայաստանի, Բելառուսի և այլ դաշնակից պետությունների, իսկ 2017թ. ապրիլին՝ նաև Ուզբեկստանի հետ:
Մայիսի 21-ին ՀԱՊԿ քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտնել էր, որ առաջիկա տարիներին կարող է գործողության մեջ մտնել ծրագիրը, որով ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) մեջ մտնող ազգային զորախմբերի սպառազինումը կկատարվի անվճար: Հիմնական ծախսերն այս պարագայում իրականացնելու է Ռուսաստանը: Ըստ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերը և այլ զորքերը սպառազինված են հիմնական ԽՍՀՄ արտադրության զինատեսակներով, և անհրաժեշտ է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներ:
ՀԱՊԿ-ն հետխորհրդային տարածքի վրա ստեղծված ռազմաքաղաքական միջազգային կազմակերպություն է, որի անդամները վեցն են՝ Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան: Կազմակերպության նպատակն անդամ երկրների անվտանգության ապահովումն է հավաքական միջոցներով։
Մասնակից երկրներից յուրաքանչյուրի վրա հարձակումը համարվում է հարձակում կազմակերպության անդամ բոլոր երկրների վրա: Դրանից ելնելով՝ անդամ մյուս երկրները պարտավոր են անհրաժեշտ՝ այդ թվում և ռազմական օգնություն տրամադրել հարձակման ենթարկվողին։