Մայիսի 16-ից 20-ը աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ պատվիրակությունը պայմանավարվածություններ է ձեռք բերել ռազմական կրթությանը և ռազմատեխնիկական ոլորտում համագործակցելու ուղղությամբ։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Մայիսի 16-ին տեղի են ունեցել երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հնդկական կողմից պատվիրակությունը ղեկավարել է Հնդկաստանի ՊՆ պլանավորման և միջազգային համագործակցության գծով քարտուղար Շամբհու Կումառանը։
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը Հնդկաստան էր այցելել՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև խաղաղապահության, լեռնային պատրաստության, տարբեր զորավարժությունների և վարժանքների ոլորտներում համագործակցությունը զարգացնելու, իրավապայմանագրային դաշտն ամրապնդելու, երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ձևաչափը շարունակելու և ՄԱԿ-ի շրջանակներում շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։
Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Հնդկաստանի տարբեր քաղաքներում տեղակայված զինվորական ստորաբաժանումներ և ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, ծանոթացել Հնդկաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքին, քննարկել այս ուղղությամբ համագործակցությունը զարգացնելու փոխշահավետ տարբերակներ։
Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրներին, հայկական և հնդկական պատվիրակությունները վերահաստատել են դրանց վերաբերյալ երկու պետությունների ընդհանուր մոտեցումները և միջազգային կառույցներում համագործակցելու պատրաստակամությունը։
Ավելի վաղ՝ 2017-ի փետրվարին Լևոն Այվազյանը Հայաստանում ընդունել էր ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սանգվան Յոգեշվարին: Քննարկվել էին պաշտպանական բնագավառում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության զարգացման հեռանկարները: