Բելառուսը Ադրբեջանին տրամադրել է ուկրաինական խոտանված ռադիոտեղորշիչ կայաններ

Ուկրաինան Բելառուսին տրամադրել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ների ռադիոտեղորոշիչ կայաններ, որոնցով բելառուսական կողմը արդիականացրել և Ադրբեջանին է մատակարարել «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ:

Սակայն հետագայում պարզվել է, որ կայանները ունեցել են տեխնիկական խնդիրներ, ինչն ազդել է համակարգերի մարտունակության վրա:

2016 թ. ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության ուկրաինական ծառայությունը հայտնել էր Ուկրաինայում խոշոր օֆշորային և կաշառակերության հետ կապված գործի քննության մասին: Այնտեղ նշվում էր, որ ուկրաինական «Սպեցտեխնոէկսպորտ» պետական ընկերությունը բելառուսական «Տեխնոսոյուզպրոեկտ»-ին 2011 թ. կնքված պայմանագրով մատակարարել էր  վերը նշված 80К6М ռադիոտեղորոշիչ կայաները:

2017 թ. մայիսին 17-ին «Բելառուսպարտիզան» լրատվական կայքը տվյալ գործով դատական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հայտնել է, որ այդ համալիրների վերջնական գնորդը եղել է Ադրբեջանը: Ըստ որում մինչև դատական գործի հարուցումը հայտնի էր միայն երկու ռադիոտղեորոշիչ կայանի վաճառքի մասին:

Ըստ նույն լրատվակայքի, ռադիոտեղորոշիչ կայանները լուրջ տեխնիկական խոտաններ են ունեցել, քանի որ ուկրաինական արտադրող ընկերության մասնագետները թերությունները վերացնելու համար 14 անգամ այցելել են Բելառուս և Ադրբեջան: Չնայած սրան, տեխնիկական թերությունների վերջնական վերացման մասին խոսք չկա:

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը Բաքվի զորահանդեսին

«Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը 2013 թ. Բաքվի զորահանդեսին

Այն որ Բելառուսն Ադրբեջանին վաճառել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ներ, հայտնի էր դարձել դեռևս 2013 թ., երբ մեկ արձակման կայան ցուցադրվել էր Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ: 2014 թ. հայտնված տվյալներով՝ Բելառուսն Ադրբեջանին արդեն տրամադրել էր «2 դիվիզիոն» «Բուկ-ՄԲ» ԶՀՀ:

2015 թ. տվյալներով՝ Բելառուսն Ադրբեջանին տրամադրել էր արդեն 18 միավոր «Բուկ-Մ1», որոնք արդիականցվել են մինչև «Բուկ-ՄԲ» մակարդակի: Նշենք, որ «Բուկ» ԶՀՀ-ի ստանդարտ դիվիզիոնում կա 1 ռադիոտեղորոշիչ կայան, 6 միավոր արձակման կայան և 3 միավոր լիցքավորող կայան:

Հավելենք, որ հայտնի չէ, թե արդյո՞ք ներկայում Ադրբեջանի ԶՈւ սպառազինությունում գտնվող «Բուկ-ՄԲ» ԶՀՀ-ների ռադիոտեղորոշիչ կայանները նույն խնդիրներն ունեն, թե դրանք հաջողվել է վերացնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *