Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիլեը «Ինջիրլիք» ավիաբազայի հետ կապված Թուրքիայի և Գերմանիայի միջև եղած վեճը հարթելու համար հայցել է ԱՄՆ-ի աջակցությունը:
Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle կայքը:
Արգործնախարարը նշել է, որ օգտագործել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած իր դեմ առ դեմ հանդիպումը «Ինջիրլիք» ավիաբազայի հետ կապված Թուրքիայի և Գերմանիայի միջև եղած վեճը հարթելու հարցում ԱՄՆ-ից օգնություն ստանալու համար:
Նախարարը մասնավորապես նշել է.
Ես հավատում եմ, որ ամերիկացիները ևս կօգտագործեն հնարավորությունները: Նրանք պետք է բանակցեն թուրքական կողմի հետ, որ ասեն, որ մեր մեջ այլ հարաբերություններ պետք է լինեն քան ներկայիս հարաբերություններն են:
Հիշեցնենք, որ Թուրքիան ևս մեկ անգամ չէր թույլատրել Գերմանիայի պատգամավորներին այցելել իր տարածքում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինվորականներին:
Տարաձայնությունները մեծ մասամբ կապված են այն հանգամանքի հետ, որ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր Թուրքիայում մեղադրվում են 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար:
Նախարարը մինչ այդ հայտնել էր, որ, միակ հույսը այն է, որ մոտակա օրերը թուրքական կառավարությունը կփոխի իր, միտքը, հակառակ դեպքում Բունդեսթագը իր զիվորներին, անշուշտ, չի թողնի Թուրքիայում, և այլընտրանքներ կդիտարկի:
Դեպքին անդրադարձել էր նաև կանցլեր Անգելա Մերկելը: Նա հայտարարել էր, որ Գերմանիան իր զորքերը մեկ այլ երկիր կտեղափոխի, եթե Թուրքիան թույլ չտա Բունդեսթագի պատգամավորներին այցելել «Ինջիրլիքում» տեղակայված Գերմանիայի զինվորականներին:
Ի պատասխան գերմանական կողմի հայտարարություններին, Թուրքիայի արտգործնախարար Մյեվլութ Չավուշօղլուն հայտարարել է.
Եթե նրանք ցանկանում են հեռանալ, ապա դա նրանց գործն է: Մենք չենք պատրաստվում խնդրել: Նրանք էին, որ ցանկացան գալ և մենք նրանց օգնեցինք: Եթե ցանկանում են գնալ, մենք կասենք «հաջողություն»:
Գերմանիայի իշխանությունները տարածաշրջանում դիտարկում են «Ինջիրլիքին» 8 այլընտրանք, որոնցից 6-ը գտնվում են Հորդանանում և Քուվեյթում, ևս երկուսը Կիպրոսում:
Շաբաթվա վերջում Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Վոն Դեր Լայենը պետք է մեկնի Հորդանան այլընտրանքային տարբերակներին ծանոթանալու և բանակցելու համար:
Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Հորդանանում առաջին հերթին կծանոթանա իրավիճակին և բանակցություններ կվարի Հորդանանի թագավորի հետ: Նախարարը նաև ավելացրել է, որ Թուրքիայի հետ բանակցությունները դեռ ընթանում են:
Նախորդ տարվա հուլիսին Թուրքիան ևս արգելել էր գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների գլխավորած պատվիրակության այցն Ինջիրլիք ավիաբազա: Թուրքիան իր արգելանքը բացատրում էր Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ:
Թուրքիան,սակայն, թույատրեց, որ նախորդ տարվա հոկտեմբերին գերմանացի պատգամավորները, այնուամենայնիվ, այցելեն Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում տեղակայված գերմանացի զինվորականներին: Դա պայմանավորված էր նրանով, որ գերմանական կողմը հայտարարել էր ցեղասպանության ճանաչման բանաձևի իրավական ուժ չունենալու մասին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերից և 2016 թվականի հունվարից Ինջիրլիքում տեղակայված են նաև Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռներ, որոնք օգտագործվում են ԻՊ-ի դեմ հետախուզական տվյալների հավաքմանը: