Սիրիայում իրանցի զինծառայող է սպանվել

Ահաբեկիչների դեմ մղած մարտերի ժամանակ Սիրիայի Համա քաղաքում սպանվել է իրանցի զինծառայող Ալիռեզա Ղոբադին։ Այս մասին մայիսի 17-ին տեղեկացնում է իրանական «qasemsoleimani.ir» լրատվակայքը։

Ղոբադին եղել է թեհրանաբնակ թյուրքախոս իրանցի։

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Ալիռեզա Ղոբադին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Ալիռեզա Ղոբադին

Իրանը համարվում է Սիրիայի ներկայիս կառավարության դաշնակիցներից մեկը և, չնայած Սիրիայում պարբերաբար իրանցի մարտիկներ են  զոհվում, այնուամենայնիվ  իրանական իշխանությունները մշտապես հերքում են իրենց ռազմական ներկայությունն այդ երկրում և շեշտում, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ, ու իրանական կողմը Սիրիա է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ:

Իրանը հայտարարում է, որ  կշարունակի Սիրիային խորհրդատվական օգնություն տրամադրել այնքան ժամանակ, քանի դեռ դրա կարիքը կա։ Իսկ մարտական ստորաբաժանումներ ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում։

Չնայած Իրանի հերքումներին՝ մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի կորուստները միասին վերցրած։ Մարտին Իրանի շահիդների և  վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։

Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ: Մասնավորապես պակիստանցիներից կազմվել է «Զեյնաբիյունի», իսկ աֆղանցիներից՝ «Ֆաթեմյունի» ջոկատները։

Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել: Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ:

Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *