Իրանը շարունակում է մնալ սպառնալիք ԱՄՆ անվտանգության տեսանկյունից, քանի որ աջակցում է ԱՄՆ հակառակորդ ուժերին (Սիրիայում Ասադի իշխանություններ, Եմենում հութի ցեղեր), ինչպես նաև զարգացնում է ռազմական կարողությունները: Այս մասին նշվում է ամերիկյան պետական հետախուզական 16 կազմակերպությունները միավորող US Intelligence Community կազմակերպության ղեկավարի զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ Իրանը հարյուրավոր մարտիկներ է մարզում և ուղարկում Սիրիա, Իրաք և Եմեն, ինչպես նաև օգնություն է ցուցաբերում զենքով և գումարով: Ըստ զեկույցի՝ իրանցի պաշտոնյաները սրանով փորձում են «Իսլամական պետության» վտանգը հեռացնել Իրանի սահմանների, ինչպես նաև իրենց ազդեցությունը մեծացնել այս տարածաշրջանում:
Զեկույցի պնդմամբ՝ Իրանն ունի բալիստիկ հրթիռների՝ տարածաշրջանում ամեմամեծ զինանոցը և կարող է խոցել իր սահմաններից մինչև 2000 կմ հեռավորության վրա տեղակայված թիրախներ: Իսկ 2016-ին Ռուսաստանից գնված SA-20c (Ս-300ՊՄՈւ-2) ՀՕՊ համակարգերը «ապահովում են ամենաառաջնակարգ հեռահար հակաօդային պաշտպանությամբ»:
ԱՄՆ և դաշնակից երկրների ուժերին հետևելու և թիրախավորելու համար Իրանը շարունակում է մշակել նոր զինատեսակներ ներառյալ.
- Անօդաչու թռչող սարքեր,
- Բալիստիկ հրթիռներ,
- Ծովային ականներ,
- Պայթուցիկով լցված հեռակառավարվող նավակներ,
- Սուզանավեր և տորպեդներ,
- Ծովային և ցամաքային թիրախների համար նախատեսված կառավարվող հրթիռներ:
Զեկույցի համաձայն՝ Պարսից ծոցում ագրեսիվ վարք է ցուցաբերում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմը, ինչը հնարավոր վտանգներ է պարունակում ԱՄՆ նավատորմի համար: ԱՄՆ նավաստիները իրանական ռազմանավերի գործողությունները հիմնականում գնահատում են անվտանգ և պրոֆեսիոնալ, սակայն այդ գործողությունների մոտ 10 տոկոսը վտանգավոր, աննորմալ կամ ոչ պրոֆեսիոնալ են:
Ամերիկյան հետախուզության զեկույցի գնահատմամբ՝ նման ագրեսիվ գործողությունները շարունակվելու են: Դրանց նպատակներից են Իրանի կողմից ուժի ցուցադրումը և ամերիկյան ռազմանավերի արձագանքի ստուգումը:
Ըստ զեկույցի՝ չնայած, որ Իրանի հոգևոր առաջնորդը կողմ է Իրանի և համաշխարհային 6 ուժերի (ներառյալ ԱՄՆ-ն) միջև միջուկային համաձայնությանը, սակայն շարունակում է անվտստահությամբ վերաբերվել ԱՄՆ-ին և Իսրայելին:
Վրաստանի մասով զեկույցում նշվում է, որ երկիրը շարունակելու է եվրատլանտյան ինտեգրացիայի ուղղությամբ աշխատանքները՝ փորձելով էլ ավելի ամրացնել ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները:
Թուրքիայի մասին զեկույցում նշվում է, որ այս երկրի հետ ԱՄՆ հարաբերությունները լարված են, քանի որ ԱՄՆ-ն զինում է Սիրիայում գործող քրդական YPG ջոկատներին, իսկ Թուրքիան համարում է, որ այդ ջոկատները թուրքական իշխանությունների կողմից ահաբեկչական համարվող PKK կազմակերպության մասն են:
ԱՄՆ հետ հարաբերություններում մյուս առանցքային խնդիրն այն է, որ ԱՄՆ-ն հրաժարվում է Թուրքիային հանձնել կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որին թուրքական կողմը մեղադրում է 2016-ի հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:
Զեկույցում նշվում է, որ 2017-ի ապրիլին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո գործող իշխանությունների դիրքերն ավելի են ամրապնդվել երկրում:
Զեկույցում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ հատվածներին կարող եք ծանոթանալ այստեղ: