ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում որոշվել է վիրավորված երկու զինծառայողի բուժումը ՌԴ-ում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել ընդհանուր առմամբ 9 մլն 280 հազար դրամ:
Պատճառն այն է, որ զինծառայողների բուժումը Հայաստանում իրականացնել անհնարին է եղել, իսկ նման դեպքերում մարտական պայմաններում վիրավորված զինծառայողների բուժումը պետբյուջեի հաշվին պետք է շարունակել արտերկրում:
ՀՀ կառավարության կայքը հայտնում է, որ զինծառայողների բուժումը ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:
Կառավարության որոշումների նախագծերում նշվում է, որ մասնավորապես՝ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային վնասվածք ստացած Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու նպատակով ՀՀ ՊՆ-ին կհատկացվի 4 մլն 138 հազար դրամ, իսկ մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու նպատակով՝ 5 մլն 142 հազար դրամ:
Ռոլանդ Քաջիկի Սահակյանը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 3-ին: 2016-ի սեպտեմբերին «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ ավելի վաղ զինծառայողի ծնողները դիմել են ՀՀ ՊՆ՝ զինծառայողի բուժումն արտերկրում շարունակելու համար: Սակայն հանձնաժողովը եզրակացրել է, որ Ռոլանդի բուժումը կարելի է Հայաստանում իրականացնել:
Աշոտ Ալիկի Գրիգորյանը վիրավորվել է 2014 թվականի մայիսի 26-ին: Արտերկրում զինծառայողի բուժման համար կառավարության որոշմամբ գումար է հատկացվել նաև 2016 թվականի նոյեմբերին: 712 հազար հատկացումով նախատեսվում էր զինծառայողի բուժման շարունակումը Ռուսաստանում:
Նշենք, որ 2016-ի ապրիլին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել ստեղծել հանձնաժողով, որի մասնագիտական եզրակացություն կտա՝ զինծառայողի բուժումը հնարավոր չէ Հայաստանի նշված բուժհաստատություններում, ապա բուժման նպատակով զինծառայողը կուղարկվի արտերկիր: Սահմանվել է, որ արտերկրում բուժման համար բուժման, նրա կեցության ու ճանապարհածախսի գումարները տրամադրելու է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից: Անհրաժեշտության դեպքում գումար է հատկացվելու նաև զինծառայողին ուղեկցող անձին:
2017 թվականի մարտ ամսվա դրությամբ, «Հետքի» հրապարակման համաձայն, ՀՀ կառավարության այս ծրագրով բուժման համար արտերկիր էր մեկնել 2013 և 2014թթ․ մարտական հերթապահության ժամանակ վիրավորված 3 զինծառայող.
- Աշոտ Գրիգորյանը (ում մասին վերը նշվեց),
- Մհեր Պետրոսյանը (2016-ին տեղափոխվել է Գերմանիայում բուժվելու),
- Ռուզվելտ Թորոսյանը (վիրավորվել է 2014-ի մայիսին: 2017-ին տեղափոխվել է Ռուսաստանում բուժվելու):
Երեք զինծառայողների բուժման համար մարտ ամսվա դրությամբ տրամադրվել էր մոտ 28 մլն դրամ: