Թուրքիան կգնի պակիստանյան արտադրության ուսումնամարտական ինքնաթիռներ

Մայիսի 10-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերության հետ ստորագրել է Թուրքիայի զինուժի համար 52 միավոր MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ գնելու համաձայնագիր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ՊԱԳՎ կայքը:

Պակիստանյան արտադրության ինքնաթիռները գնելուց հետո Թուրքիան դրանցով կփոխարինի ներկայում այդ երկրի ռազմաօդային ուժերում կիրառվող ամերիկյան արտադրության T-41 և իտալական արտադրության SF-260 ուսումնական ինքնաթիռները:

Դեռևս 2016 թ. նոյեմբերին բրիտանական «Ջեյնս» ռազմական հանդեսը հայտնել էր, որ Թուրքիան և Պակիստանը արդեն ստորագրել էին ինքնաթիռների մատակարարման համաձայնագիրը: Սակայն Թուրքիայի ՊԱԳՎ-ն այդ մասին որևէ բան չի նշում: «Ջեյնսի» տեղեկություններով՝ Թուրքիան ինանթիռների համար պարտավորվում էր վճարել շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար:

MFI-17 Super Mushshak ինքնաթիռի մարտավարատեխնիկական բնութագիրը՝

  • Անձնակազմը — 2 կամ 3 հոգի,
  • Թռիչքի տևողությունը — մինչև 5 ժամ,
  • Առավելագույն արագությունը — 238կմ/ժ,
  • Սպառազինությունում՝
    7,62 մմ գնդացիրներ,
    6 կախոց՝ չկառավարվող և հակատանկային կառավարվող հրթիռներով:

Super Mushshak-ը շվեդական Saab ընկերության MFI-17 Supporter ինքնաթիռի՝ 1980-ական թթ. Պակիստանում արդիականացված և արտոնագրով արտադրվող տարբերակն է: Պակիստանից բացի, այս ինքնաթիռները շահագործում են նաև Իրանը, Իրաքը, Օմանը և Սաուդյան Արաբիան: Ադրբեջանը ևս ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ հետաքրքրված է պակիստանյան ինքնաթիռների ձեռքբերմամբ, սակայն առայժմ որևէ հստակ բան հայտնի չէ:

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Պակիստանի արտադրած MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *