Երեկ՝ մայիսի 10-ին, ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից գնդակոծել են «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խմբի ավտոմեքենան: Միջադեպի հետևանքով տուժել է նկարահանող խմբի օպերատոր Դավիթ Աթոյանը: Աթոյանին վիրահատել են. փոխանցում է «Այսօր» լրատվակայքը:
«Շանթի» նկարահանող խմբի ավտոմեքենան գնդակոծել են մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Արցախի շփման գծի հյուսիսային հատվածում:
«Դիրքերում» հաղորդաշարի հեղինակ և վարող Արշակ Զաքարյանը նշել է, որ ինքը չի տուժել, բացի Աթոյանից այլ տուժողներ ևս չկան:
[Լրացում] Մայիսի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ 2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից գնդակոծվել է ՊԲ զորամասերից մեկի պահպանության տակ գտնվող տարածքով անցնող «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խումբը։
Մասնավորապես՝ հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերից՝ դիպուկահար հրացաններից և գնդացիրներից, կրակել է հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդման նկարահանող խմբի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով հաղորդման օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանն ստացել է հրազենային վնասվածք և տեղափոխվել հոսպիտալ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերով՝ հակառակորդի կողմից ազգային և կրոնական ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ Կատարվում է նախաքննություն։