Մայիսի 5-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն: Զորավարարժությանը ներգրավվել է առաջին մոտոհրաձգային գումարտակը ողջ կազմով, ինժեներասակրավորային ջոկ և «Իգլա» ԶՀՀ-ի հաշվարկ: Ներգրավված ուժերը խաղարկել են հարձակողական գործողություններ և «վերականգնել իրադրությունը առաջնագծում»: Այս մասին հայտնի է դարձել ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի մայիսի 6-ի թողարկումից:
Գումարտակը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի:
Խորքից անցնելով հարձակման՝ գրոհային ջոկատներին հաջողվել է խոցել պայմանական հակառակորդի թիրախները և այդպիսով «վերականգնել դրությունը առաջնագծում»:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը շրջել են բացազատված ուսումնական կետերով, որտեղ ներկայացված են եղել ռազմական գործողությունների կառավարման և ղեկավարման, մարտի դաշտից վիրավորների դուրս բերման, ստորաբաժանումների քողարկման, թիրախների խոցման ու հրաձգության նոր եղանակներ, միջոցներ: Սպաների զեկույցները ուղեկցվել են ցուցադրական պարապմունքներով:
Զորավարժության շտաբի պետը հայտնել է, որ, հաշվի առնելով նախկինում անցկացված զորավարժությունների թերությունները, բացթողումները, պրոբլեմային հարցերը՝ զորավարժությունը կազմակերպվել է այնպես, որպեսզի արտացոլվի թերության վերացման արդյունքը, հասկանալի լինի ինչ հետևություններ են կատարվել:
Զորավարժությունը անցկացվել է մայիսի 2-ին մեկնարկած հրամանատարական հնգօրյա հավաքների շրջանակում (1,2): Հավաքները ավարտվել են մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի դասախոսությամբ: