2017 թվականի մայիսի 10-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:
Նախնական տվյալներով՝ Մեսրոպյանը վնասվածքն ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնում մայիսի 10-ի առավոտյան ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի (ծնված 1997թ., Էջմիածնի զ/կ) ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
[Լրացում] Մայիսի 11-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ էր ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել,որ Մեսրոպյանն սպանության զոհ է դարձել, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։ Նախաքննությունը շարունակվում է:
[Լրացում] Մայիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանի մահվան մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1997թ. ծնված պարտադիր ժամկետային զինծառայողին:
Դեպքի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մեսրոպյանը կյանքի համար վտանգավոր հրազենային վնասվածքն ստացել է իր ուղղությամբ դիտավորյալ արձակված կրակոցի հետևանքով, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է 1997թ. ծնված, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է: