Թուրքայում ներկայացվել են ավիացիայի տեղական արտադրանքներ

Մայիսի 9-ին Ստամբուլում մեկնարկած IDEF-2017 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսի առաջին օրը տեղական ռազմարդյունաբերական ընկերությունները ներկայացրել են սեփական արտադրության համակարգեր, ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնց մի մասն առաջին անգամ էր ցուցադրվում:

Ցուցահանդեսից լուսանկարներ պարբերաբար հրապարակում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և պաշտպանական անվտանգության գլխավոր վարչությունը (1, 2):

Լուսանկարում ներկայացված են թուրքական TAI ընկերության արտադրության «Հյուրքուշ» սպառազինված ուսումնամարտական ինքնաթիռը և «Աթաք» հարվածային ուղղաթիռը:

«Հյուրքուշ» ինքնաթիռը սպառազինվել և փորձարկվել է 2017 թ. ապրիլին: Նույն թվականի մայիսին պարզ դարձավ, որ Թուրքիայի ցամաքային ուժերը ևս պատվիրել են նշված ինքնաթիռներից: Սակայն ինքնաթիռների շահագործման հանձնելու ժամկետն առայժմ հայտնի չէ:

TAİ-ն ներկայացրել է նաև սեփական նախագծման T-625 թեթև բազմանպատակային ուղղաթիռի նախատիպը: Ուղղաթիռը նախատեսված է 12 ուղևոր տեղափոխելու համար, անձնակազմը՝ 2 օդաչու: Ուղղաթիռի փորձրակման աշխատանքները նախատեսվում է սկսել 2018 թ. սեպտեմբերին:

Ուղղաթիռը կշռում է 5 տոննա, ունի երկու շարժիչ: 2015 թ. ԹԱԻ ընկերությունը ուղղաթիռի շարժիչների ձեռքբերման համար պայմանագիր էր ստորագրել  Rolls-Royce ընկերության հետ: Սակայն մինչև շարժիչի ստանալը ուղղաթիռը պետք է անցներ «Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության» (EASA) արտոնագրում: Այս մասին առայժմ այլ մանրամասներ չկան:

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցում են թուրքական բոլոր խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունները: Ինչպես արդեն նախկինում նշել էինք, Թուրքիայում զինտեխնիկայի արտահանման, արտադրության ծավալներով առաջին 5 ընկերություններն են՝

  • «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» — TAI,
  • «Թուրքիայի շարժիչների արդյունաբերություն» — TEI,
  • «Մեքենաների և քիմիական արդյունաբերության ընկերություն» —  MKEK,
  • FNSS պաշտպանական տեխնոլոգիաների, զրահապատ մեքենաների արտադրության ընկերություն,
  • «Ռազմական էլեկտրոնիկայի արդյունաբերություն» — ASELSAN:

Բացի այս, զրահատեխնիկայի արտադրության ոլորտում բավականին զարգացած արտադրություն ունի նաև Otokar ընկերությւոնը, որը զբաղվել է «Ալթայ» տանկի նախագծման աշխատանքերով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *