[Լրացված] Արցախում ջրամբարում 3 զինծառայող է ջրահեղձ եղել․ ՊԲ

Մայիսի 8-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում Պաշտպանության բանակի կայքը հայտնել է, որ նույն օրն առավոտյան ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հարակից ջրամբարում ջրահեղձ են եղել ՊԲ երեք զինծառայող։ 

Միջադեպի հետևանքով ջրահեղձ են եղել Պաշտպանության բանակի զինծառայողներ  Ռուբեն Մնացականի Բարսեղյանը (ծնվ. 1998թ.),  Ռաֆայել Արթուրի Բիշարյանը (ծնվ. 1997թ.) և  Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը (ծնվ. 1998թ.):

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են Ռուբեն Բարսեղյանի և Ռաֆայել Բիշարյանի մարմինները: Ռուբեն Մնացականյանի ճակատագիրը պարզելու համար որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ միջադեպի մասին ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com լրատվական կայքը։

[Լրացում] Մայիսի 9-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` զինծառայողների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Ձեռնարկվում են քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մայիսի 8-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամկետային երեք զինծառայողներ, զորամասերից մեկի պարետային դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդներ Ռուբեն Մնացականի Բարսեղյանը, Ռաֆայել Արթուրի Բիշարյանը և նույն զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի բուժկետի վարորդ-սանիտար Ռուբեն Հովհաննեսի Մնացականյանը չեն մասնակցել առավոտյան տողանին: Բացակայում է նաև պարետային դասակին պատկանող «ՈՒԱԶ-315195» մակնիշի ՊԲ6Լ-004 զինհամարանիշի ավտոմեքենան:

Պարզվել է, որ երեք զինծառայողներին վերջին անգամ տեսել են միասին «ՈՒԱԶ-315195» մակնիշի ավտոմեքենայի մեջ, որը կայանված է եղել զորամասի մշտական տեղակայման վայրում: Դրանից հետո մեքենան նկատվել է զորամասից դուրս՝ Մատաղիս-Տոնաշեն ավտոճանապարհի սզբնամասում` դեպի Տոնաշեն երթևեկելիս:

Տարածքի զննությամբ` Տոնաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ընթացքի ուղղությամբ արձանագրվել են անվահետքեր, որոնք վերջացել են` դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից, որից մոտ 50 մետր խորության վրա հոսում է գետ: Փրկարար ծառայության աշխատակիցների կողմից գետում` մոտ 9 մետր խորության վրա, հայտնաբերվել է «ՈՒԱԶ-315195» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան: Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ Բիշարյանի և Բարսեղյանի մարմինները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ` զինծառայողների մահվան պատճառը պարզելու համար:

Ռուբեն Մնացականյանին գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (Մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

[Լրացում] Մայիսի 11-ին Արցախի ՊԲ կայքը հայտնում է, որ հայտնաբերվել է մայիսի 8-ին Արցախի հյուսիսում ջրահեղձ եղած երրորդ ժամկետային զինծառայողի` Ռուբեն Մնացականյանի դին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *