Բոլոր զորացրված զինծառայողները հնարավորություն կստանան սոցհարցման միջոցով գնահատել զինվորական համակարգը, ծառայության պայմանները, արդյունավետությունը: Հարցումն անցկացվելու է նոր «Դիտակետ» ծրագրի շրջանակներում:
Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել է զորացրված և ժամկետային զինծառայողների հետ մայիսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Արցախում անցկացված հանդիպման ընթացքում:
«Բանակի արդիականացման ու զարգացման ճանապարհին պետք է համարձակ լինենք՝ ռազմավարական տեսանկյունից կարևոր այս ոլորտը բերելու թափանցիկության և հաշվետվողականության դաշտ, միեւնույն ժամանակ պաշտպանության ոլորտը դարձնելով պետական կառավարման նոր մոտեցումների ձևավորման հարթակ»,-ասել է պաշտպանության նախարարը:
Պաշտպանության նախարարը նշել է, որ բանակը պետք է լինի հաշվետու և թափանցիկ, ինչին էլ ուղղված են լինելու այդ սոցհարցումները:
Մայիսի 8-ին Շուշիում 2017-ին զորացրված, ներկայում ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ հանդիպմանը մասնակցել են նաև գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում զինծառայողները ՀՀ նախագահի և հյուրերի հետ զրուցել են իրենց անհանգստացնող խնդիրների, պաշտպանության ոլորտի արդիականացման, բարեփոխումների, հայրենիքի հետագա հզորացման ու զարգացման պատկերացումների մասին և ներկայացրել են իրենց առաջարկները:
Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել զինվորականների կարծիքները պաշտպանության նախարարի առաջարկած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» գաղափարների վերաբերյալ:
Վիգեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ ծրագրի օրակարգում դրվում են հարցեր, որոնք տարիներ շարունակ անհանգստացրել են ՀՀ քաղաքացիներին՝ սկսած զինվորի ծառայության պայմաններից, մինչև հարցադրումը, թե ի՞նչ է տալու բանակը զինվորին՝ ավելի չափելի ու շոշափելի տիրույթներում:
Նախագահը ողջունել է ծրագրի մեկնարկը և հանձնարարել պարբերաբար զեկուցել արդյունքների մասին՝ համապատասխան հետևություններ անելու նպատակով: