Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի ՌԴ ԶՈւ բազան պատրաստ են դիմակայել ԻՊ-ին. Լավրով

«Իսլամական պետության» դեմ պայքարին անդրադառնալով՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դրան պատրաստ են ինչպես ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, այնպես էլ Հայաստանում, Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները: Լավրովն այս հայտարարությունն արել է «Միր» հեռուստաընկերության հետ հարցազրույցում (հրապարակվել է մայիսի 5-ին):

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ

Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչները Երևանի «Էրեբունի» օդանավակայանում թռիչքի ժամանակ (արխիվ)

Լավրովը նշել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, Աֆղանստանում գործելով, «մոտենում է» ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններին, և ՀԱՊԿ-ը պատրաստ է դիմակայել խմբավորումից եկող վտանգներին:

Հարկ է նշել, որ մինչ այս ահաբեկիչների դեմ մարտերում Հայաստանում տեղակայված ռուսաստանյան բազայի կիրառմանն անդրադարձել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարը: Մարտի վերջին ռուսաստանցի լրագրողների համար անցկացված ասուլիսի ժամանակ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ԶՈւ համատեղ զորախմբի օպերատիվ պլաններում Սիրիայում համատեղ գործողություններ նախատեսված չեն: Նման բանակցություններ ևս ներկայում չեն վարում:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ չի քննարկվում նաև Սիրիայում իրականացվող գործողություններին Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102 ռազմաբազայի մասնակցությունը:

«Պետք է հաշվի առնել, որ Սիրիայում … կա մեծ հայկական համայնք: Եվ բնականաբար բազմաթիվ հարցեր կան, այդ թվում նաև այդ համայնքի անվտանգության ապահովման վերաբերյալ: Եվ Սիրիայի իրավիճակի հետ կապված Հայաստանի Հանրապետության բոլոր գործողությունները մշտապես հաշվի են առնում նաև այս գործոնը», — նշել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Նախարարին հարցն ուղղվել է այն համատեքստում, որ Ռուսաստանը ներկայում չի օգտվում Իրանի Համադան ավիաբազայից, որը կրճատում էր Ռուսաստանի օդուժի ճանապարհը (ՌԴ ԶՈւ ինքնաթիռները Ռուսաստանից Կասպից ծովի, Իրանի և Իրաքի տարածքներով են հասնում Սիրիա): Իսկ Գյումրին, ըստ հարցը տվող լրագրողի, Սիրիայից նույն հեռավորության վրա է, ինչ Իրանի Համադանի ավիաբազան:

Ավելացնենք, որ Աֆղանստանը սահմանակից է ՀԱՊԿ անդամ պետություններից Տաջիկստանին, և այս երկրում ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժություններն անցկացվում են հենց Աֆղանստանից ահաբեկչական խմբավորումների հավանական ներժուժմանը դիմակայելու սցենարներով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *