Սիրիայում ստեղծվելու է «անվտանգության 4 գոտի»

Մայիսի 4-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Աստանայում ստորագրել են Սիրիայի տարածքում անվտանգության 4 գոտի ստեղծելու մասին համաձայնագիր: Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը ստանձնել են համաձայնագրի կատարման երաշխավորի դերը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան НТВ հեռուստաընկերության կայքը:

Սիրիայի Իդլիբ քաղաքը. (արխիվ)

Անվտանգության գոտիները նախատեսվում է  ստեղծել Սիրիայի Իդլիբ նահանգում, Լաթաքիայում, Հալեպում և Համայում, Հոմս նահանգի հոյւսիսում, Արևելյան Գուտայում, Սիրիայի հարավում՝ Դարաա և Կունեյտրա շրջաններում:

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում մայիսի 6-ին՝ կես տարի ժամկետով: Հետագայում այն հնարավոր է երկարացնել: «Անվտանգության գոտի» հայտարարվող շրջաններում արգելվելու է զենք կիրառել, թույլատրվելու է այնտեղ հումանիտար օգնություն ուղարկել:

Այսպիսով, համաձայնագրին կողմ արտահայտված զինյալները և Սիրիայի կառավարությունը համաձայնում են դադարեցնել միմյանց դեմ ռազմական գործողությունները: Սակայն Աստանայում ներկա խմբավորումների մի մասը դժգոհել են, որ Իրանը ևս ստորագորւմ է ու հեռացել են դահլիճից: Ըստ արաբագետ Սարգիս Գրիգորյանի՝ Այս խնդիրը մշտապես կլինի, քանի որ սուննի խմբավորումները դեմ են շիայական Իրանի ցանկացած միջամտության, ներկայության: Սա նաև ռիսկեր կստեղծի համաձայնագրի լիարժեք իրագործման համար:

«Այս համաձայնությունը, որի բանակցող կողմերից մեկը եղել է Իրանը, այդ մասին հայտարարեցին ընդդիմադիրները, սա այն գործոններից մեկն է, որ նրանց չի թողնի լիարժեքորեն մասնակցել նման բանակցային ֆորմատների:

Այսինքն Իրանի գործոնը միշտ բացասաբար է ազդելու սուննիական ճամբարը ներկայացնող ընդդիմադիր զանգվածին բանակցային սեղանի շուրջ ներգրավելու և նրանցից որոշակի օգուտ քաղելու առումով»:

Սակայն համաձայնագրի իրականացման ռիսկայնության տեսանկյունից սուննիական ընդդիմադիր խմբավորումները և Իրանի գործոնը միակ խնդիրը չէ: Նշված հատվածներում, մասնավորապես՝ Իդլիբի նահանգում, ակտիվ ներկայություն ունեն նաև այնպիսի խմբավորումներ, որոնք բանակցային գործընթացին առհասարակ ներգրավված չեն: Խոսքը մասնավորապես «Ալ-Նուսրայի ճակատ» խմբավորման մասին է: Արաբագետ Գրիգորյանը նշում է, որ վերահսկելի գոտիներ Սիրիայում մինչ օրս էլ կային, սակայն նշված հատվածներում ամբողջական վերահսկողություն սահմանելը խնդրահարույց է.

«Մի բան է հայտարարել այդ անվտանգության գոտիները, և մի այլ բան է անվտանգությունը պահելը այդ գոտիներում: Կան կառույցներ, օրինակ Ջաբհաթ Ալ-Նուսրան, որը ներկայում այլ կերպ է կոչվում, և մի շարք այլ կառույցներ, որոնք ամեն ինչ կանեն, որ այդ անվտանգության գոտիներում անվտանգություն, որպես այդպիսին, չլինի»:

ՄԱԿ-ը ողջունել է համաձայնագրի ստորագրումը: Միացյալ Նահանգները ևս դրական է գնահատել այս քայլը, սակայն նշել է, որ վերապահումներով և որոշակի կասկածով է մոտենում դրա իրագործման հնարավորությանը (1, 2):

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Սոչիում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք քննարկել են Իդլիբի նահանգում «ոչ բախումային» կամ «ապաէսկալացված» շրջաններ ստեղծելու հարցը:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Իրադրությունը Սիրիայում՝ 27.02.2017 թ. դրությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *