2016 թվականի մարտի 20-ից 2017 թվականի մարտի 20-ը (իրանական օրացույցով 1395 թ.) ընկած ժամանակահատվածում Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը վնասազերծել են 30 ահաբեկչական խումբ։ Իսկ այս ժամանակահատվածին նախորդած 2 տարիների ընթացքում վնասազերծվել է 90 ահաբեկչական խումբ։
Այս մասին մայիսի 5-ին հայտարարել է Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին։ Փոխանցում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։
Ահաբեկիչներից առգրավվել են նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք։
Իրանը հակաահաբեկչական ակտիվ պայքար է մղում երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում։
Հարավ-արևելքում պայքարը հիմնականում ընթանում է Աֆղանստանից և Պակիստանից Իրան ներթափանցել փորձող ահաբեկիչների դեմ։ Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին, իրանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի արդյունքում սպանվել էր իրանցի 9 սահմանապահ։ Հանցագործության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ զոլմ» ահաբեկչական խմբավորումը։
Միջադեպի առնչությամբ մայիսի 3-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել էր Պակիստան, որտեղ պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում որոշվել է ուժեղացնել իրանա-պակիստանյան սահմանի անվտանգությունը՝ մասնավորապես նախատեսվում է, որ Պակիստանը պետք է ավելի շատ սահմանապահներ տեղակայի Իրանի հետ սահմանին։ Փոխանցում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։