Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցության 4-րդ փուլը

Մայիսի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Սիրիայի հակամարտության հարցով բանակցությունների հերթական ՝ 4-րդ փուլը։ Մասնակցում են Սիրիայի կառավարության, զինված ընդդիմության, Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ղազախստան» կայքը։

Ըստ ռուսաստանյան գործակալության ղազախստանյան ծառայության՝ բանակցություններին մասնակցելու համար Աստանա են ժամանել նաև Միացյալ Նահանգների և Հորդանանի պատվիրակությունները։

Միացյալ Նահանգներից մասնակցում է պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով տեղակալ Ստյուարտ Ջոնսը։ Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ն «անհանգստացած է նրանով, որ բանակցություններն անարդյունք են»։

Պատասխաելով այն հարցեին, թե ինչպե՞ս է վերաբերում ամերիկյան կողմը այն հարցին, որ բանակցություններին մասնակցում է ծայրահեղական «Ահրար ալ-Շամ» խմբավորումը՝ ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ իրենք դրական են վերաբերում ցանկացած քննարկման, սակայն այս դեպքում դեռևս արդյունք չկա։

Ի հակառակ սրա՝ Ղազախստանի ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ բանակցությունների արդյունքում, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել Սիրիայում կառավարական ուժերի և բանակցություններին մասնակցող զինված խմբավորումների միջև հրադադարի պահպանման մեխանիզմների մշակմանը։

Մինչ օրս անցկացվել է բանակցությունների 3 փուլ՝ հունվարի 23-25-ին, փետրվարի 15-16-ին և մարտի 14-15-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *