Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մոսկվայում հայ-ռուսական ռազմարդյունաբերական համաժողովի ժամանակ հույս է հայտնել, որ համաժողովը կարևոր քայլ կդառնա հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա զարգացման ճանապարհին։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Նախարարը մասնավորապես նշել է. «Համատեղ նախագծումն ու միասնական արտադրությունը, մանավանդ ռազմարդյունաբերության ոլորտում, ստեղծում է նոր, հատուկ հարաբերություններ երկրների միջև՝ հնարավորություն տալով ձևավորել ինտենսիվ շփումներ հորիզոնական մակարդակում»։
Վիգեն Սարգսյանը նաև նշել է, որ առաջատար մասնագետների հետ անմիջական շփումը, հեռանկարային նախագծային լուծումների, նոր տեխնոլոգիաների և դրանց գործնական կիրառության շուրջ կարծիքների պարբերական փոխանակումը կծառայի ռազմական մտքի զարգացմանը և Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանը։