Թուրքիան փորձում է Ռուսաստանից ստանալ Ս-400-ների արտադրման տեխնոլոգիաներ

Ապրիլի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան և Ռուսաստանը ներկայում քննարկում են Ս-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցը: Կողմերը դեռևս չեն պայմանավորվել նաև Թուրքիային հնարավոր վաճառվելիք համակարգերի գնի շուրջ:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը այս մասին հայտնել է «Հաբերթյուրք» լրատվակայքին տված հարցազրույցում:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Պատասխանելով «Ռուսաստանից Ս-400 հրթիռներ գնելու՞ ենք» հարցին՝ Չավուշօղլուն մասնավորապես նշել է.

«Գնելու ենք: Սկզբունքորեն արդեն պայմանավորվել ենք: Քննարկում ենք համատեղ արտադրության և գնի [հարցը]: Ուզում էինք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից գնել,: բայց այս մոտեցման շրջանակներում չեղավ»:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունից պարզ է դառնում, որ թուրքական կողմը ոչ միայն փորձում է գնել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր, այլև փորձում է Ռուսաստանից ստանալ համակարգերի արտադրման–հավաքման տեխնոլոգիաներ: Սրանով Թուրքիան փորձում է հետագայում իր երկրի տարածքում արտադրել նման համակարգեր:

Հիշեցնենք, որ մի քանի տարի է, ինչ Թուրքիան հայտարարել է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգերի գնման մրցույթ: 2013 թ. այդ մրցույթը շահել էր չինական ընկերություններից մեկը: Սակայն անցյալ տարի այդ ընկերության հետ համաձայնությունները չեղյալ հայտարարվեցին:

Իսկ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չէին համաձայնում Թուրքիային վաճառել իրենց ՀՕՊ համակարգերը, քանի որ թուրքական կողմը նրանցից ևս ցանկանում էր ստանալ համակարգերի արտադրության տեխնոլոգիաներ:

2016 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներից Թուրքիան նշված տեսակի ՀՕՊ համակարգերի գնման շուրջ սկսեց բանակցել արդեն Ռուսաստանի հետ: 2017 թ. ապրիլի 5-ին ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ երկրները առայժմ բանակցում են Ս-400 համակարգերի մատակարարման շուրջ, սակայն դեռ պայմանագիր չի նախապատրաստվել: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքն իր հերթին հայտարարել էր, որ Ս-400 ԶՀՀ-ի ձեռքբերման քննարկումը ավարտական փուլում է, և վերջնական որոշումը կայացնելու են Թուրքիայի նախագահն ու վարչապետը:

Արդեն 2017 թ. ապրիլին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովովը հայտնել էր, որ Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման հարցը Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հնարավոր է  քննարկեն մայիսին կայանելիք հանդիպման ժամանակ:

One response to “Թուրքիան փորձում է Ռուսաստանից ստանալ Ս-400-ների արտադրման տեխնոլոգիաներ

Մեկնաբանել ՍարգիսՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *