Ապրիլի 27-ին Թուրքիայի արևելյան Վան նահանգի Էրչիշ գավառում Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է 1 «գյուղական պահապան», վիրավորվել է ևս 3-ը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Վիրավորված «գյուղական պահապանները» տեղափոխվել են հիվանդանոց: Թուրքիայի ուժայինները շարունակում են Վանում քրդական կառույցի դեմ գործողությունները:
Սկսած մարտի 29-ին Թուրքիայի ուժային կառույցները նոր գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում:
Ապրիլի 27-ին Թուրքիայի ժանդարմերիան նոր գործողություններ է սկսել քրդական կառույցի դեմ նաև Թունջելի (Դերսիմ) նահանգի մի քանի գավառներում: Գործողությանը նաև մասնակցում է Թուրքիայի օդուժը: PKK-ի զինյալների տեղակայման վայրերը հայտնաբերելու համար թուրքական զինուժը օգտագործում է նաև անօդաչու թռչող սարքեր:
Բացի այդ, քրդերի դեմ գործողություններ են իրականացվում նաև Հաքքարիում, Շրնաքում, Դիարբեքիրում, Բիթլիսում: Շրնաք նահանգում քրդական կառույցի դեմ գործողությունները սկսել է դեռևս ապրիլի 19-ից: Թուրքական «Միլլիյեթ» պարբերականի փոխանցմամբ՝ գործողություններում ներգրավված է Թուրքիայի ուժային կառույցների շուրջ 3000 զինծառայող և 200 «գյուղական պահապան»:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ից Վան նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» դեմ գործողություններում ներգրավվելու համար ծառայության է անցել 280 նոր «գյուղական պահապան»: «Գյուղական պահապանները» հիմնականում քրդերից կազմավորված զինված ստորաբաժանումներ են, որոնք պայքարում են քրդական PKK-ի դեմ:
Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից և երկուստեք նյութական ու մարդկային կորուստներով շարունակվում են մինչ այժմ: Ըստ ՄԱԿ-ի զեկույցի՝ Բախումների հետևանքով երկրի հարավարևելյան նահանգներից 355 հազարից մինչև կես միլիոն մարդ է տեղահանվել: