Իրանա-պակիստանյան սահմանին տեղի ունեցած զինված միջադեպի հետևանքով սպանվել է Իրանի սահմանապահ ծառայության 10 զինծառայող, ևս 3-ը վիրավորվել են։ Իրանի ոստիկանական ուժերի խոսնակ Մոնթազեր Ալմեհդիի խոսքերով՝ սահմանապահները սպանվել են հեռահար զենքի միջոցով։
Այս մասին ապրիլի 26-ին տեղեկացնում է իրանական Press Tv լրատվական գործակալությունը։
Հանցագործության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ զոլմ» ահաբեկչական խմբավորումը։
Նշենք, որ 2016թ հունիսից Իրանը երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ պայքար է մղում:
Հունիս-հուլիս ամիսներին իրականացրած հակաահաբեկչական գործությունների արդյունքում ձերբակալվել և ոչնչացվել են մի քանի տասնյակ ահաբեկիչներ:
Իսկ օգոստոսի 3-ին Իրանի ոստիկանության և անվտանգության ուժերը վնասազերծել են «Թաուհիդ և Ջիհադ» ահաբեկչական խմբավորման 102 զինյալի: Արևմտյան և հյուսիս-արևմտյան Իրանում խմբի ծավալած գործողություններից տուժել է 60 իրանցի (20 զոհ, 40 վիրավոր), այդ թվում նաև Քրդստանի սունիներ: