Միջադեպ ԱՄՆ և Իրանի նավերի միջև Պարսից ծոցում

Ապրիլի 24-ին Պարսից ծոցում ամերիկյան USS Mahan ականակիր նավը վտանգավոր հեռավորությամբ մոտեցել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) արագընթաց նավին։ Այս մասին ապրիլի 25-ին հայտնում է ամերիկյան FoxNews լրատվակայքը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաների։

Իրանական նավը  գտնվել է 1000մ հեռավորության վրա։ Բախումից խուսափելու համար ամերիկյան նավը փոխել է ուղղությունը, վտանգի ազդանշան հնչեցրել, այնուհետև արձակել ազդանշանային հրթիռներ և պատրաստության վիճակի բերել սպառազինությունը։ Իրանական կողմը ազդանշաններ չի տվել։

ԱՄՆ ՌԾՈւ Mahan էսկադրոնային ականակիրը

ԱՄՆ ՌԾՈւ Mahan էսկադրոնային ականակիրը

Միջադեպի առնչությամբ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը «Թվիթեր» սոցիալական ցանցի իր էջում մասնավորապես նշել է՝ «Մեր ռազմածովային ուժերը  Պարսից ծոցում են գործում, ոչ թե Մեքսիկական ծոցում։ Հարցն այստեղ այն է, թե ի՞նչ են անում ամերիկյան նավերը իրենց հայրենիքից 7500 մղոն հեռավորության վրա»։

Նշենք, որ ԱՄՆ և Իրանի ռազմածովային  ուժերի միջև սա առաջին միջադեպը չէ։2017-ի մարտի 4-ին ԻՀՊԿ կատերները մինչև 550 մետր մոտեցել էին ամերիկյան USNS Invincible նավին, ինչից հետո ամերիկյան նավը ստիպված փոխել է ուղղությունը։

2017-ի հունվարին ԻՀՊԿ 4 կատեր մինչև 800 մետր մոտեցել էին ամերիկյան «Մահան» ականակիր ռազմանավին, ինչից հետո ականակիրը 3 անգամ նախազգուշացնող կրակ էր արձակել իրանական կատերների ուղղությամբ:

Ամերիկացի նավաստիները  ռադիոկապով պահանջել էին իրանցիներից դանդաղեցնել նավերի ընթացքը, այնուհետև ուղղաթիռ էին օդ բարձրացրել և դրանից ծուխ  բաց թողել, սակայն իրանցիները չէին արձագանքել այս զգուշացումներին, ինչից հետո էլ կատերների ուղղությամբ կրակ էր արձակվել:

Ավելի վաղ ՝ սեպտեմբերին,  Իրանի  ՌԾՈւ ռազմանավերից մեկը մինչև 91 մետր մոտեցել էր ԱՄՆ ռազմանավին, ինչի հետևանքով ամերիկյան ռազմանավը ստիպված էր եղել փոխել իր ուղղությունը: Օգոստոսին իրանական մեկ այլ ռազմանավ կրկին մոտեցել էր ամերիկյանին, ինչից հետո ԱՄՆ ռազմանավը 10 նախազգուշացող հրթիռներ էր արձակել, բայց Իրանի ռազմանավը շարունակել էր մոտենալ: Արդյունքում ԱՄն ռազմանավը հեռացել էր տարածքից:

2016-ի հունվարին էլ  ԻՀՊԿ-ն  Պարսից ծոցում ձերբակալել էր ԱՄՆ զինված ուժերի 10 զինծառայողների և առգրավել նրանց ռազմական պարեկային կատերները: Տարվա ընթացքում Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև գրանցվել են այլ միջադեպեր ևս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *