Ապրիլի 26-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային, Սիրիային անմիջապես սահմանակից Հաթայ նահանգի Հասսա գավառից, ականանետներով կրակել է Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
The #Turkish soldiers are shooting #PKK targets in the west of #Azez and #Afrin. #syria pic.twitter.com/4kvvbcyoy9
— GÖKTÜRK (@GokTurk_1A) 26 апреля 2017 г.
Թուրքական աղբյուրի համաձայն՝ քրդական PYD-ի զինյալները «փորձել են անցնել թուրք-սիրիական սահմանը», ինչի համար էլ Թուրքիայի զինուժը կրակել է նրանց ուղղությամբ:
Ավելի ուշ թուրքական կողմը հայտնել է, որ Սիրիայի Աֆրինի շրջանից քրդերը ականանետներով կրակել են Թուրքիայի զինուժի Հասսա գավառի երկու սահմանապահ տեղամասերի վրա և Թուրքիայի զինուժն էլ պատասխան կրակ է բացել նրանց ուղղությամբ:
Սակայն քրդական ANF News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի զինուժը պարբերաբար շարունակում է ականանետներով և փողային հրետանիով կրակել քրդական PYD-ին և դրա ռազմական թև համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» (YPG) խմբավորման դիրքերին: Աղբյուրի համաձայն՝ դրան ի պատասխան քուրդ զինյալները կրակում են Թուրքիայի զինուժի ուղղությամբ:
Նշենք, որ թուրքական կողմը PYD-ն դիտարկում է որպես «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճյուղավորումներից մեկը և բնորոշում է որպես ահաբեկչական կառույց: Թուրքիայի քաղաքական վերնախավը ներկայացուցիչները իրենց հայտարարություններում մշտապես նշում են, որ «այդ կառույցը սպառանալիք է Թուրքիայի անվտանգության համար»:
Սիրիայի հյուսիսում ձևավորվել են քրդական 3 ինքնավար շրջաններ՝ Աֆրինը, Քոբանին և Ջիզրեն, որոնց միավորումը և մեկ միասնական քրդական ինքնավարության ստեծղման հավանականությունը մշտապես անհանգստացնում է Թուրքիային:
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողության հիմնական մարտավարական նպատակներից մեկն է հանդիսանում այդ հատվածում «անվտանգության գոտի» ստեղծելը, ինչ էլ ուղղված է կանխելու Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության կամ էլ թե պետության ստեղծումը:
Սիրիայում Թուրքիայի «Եփրատի վահան» գործողությունը մեկնարկեց 2016-ի օգոստոսի 24-ին և տևեց մինչև 2017-ի մարտի վերջ: Գործողություների արդյունքում Թուրքիան կարողացավ վերահսկողության սահմանել Սիրիայի հյուսիսում մոտ 2000 քառ. կմ տարածքի վրա, ինչի հետագայում թուրքական կողմը կարող է որպես խաղաթուղթ օգտագործել Սիրիայի ճգնաժամի շուրջ բանակցություններում և այդ երկրում իր մշտական ներկայությունը ապահովելու համար: