Ապրիլի 25-ին Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաք այցի ժամանակ Ադրբեջանում Ավստրիայի դեսպան Աքսել Վեքսինը հայտարարել է, որ այդ քաղաքում բացվելու է թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարան: Այս մասին հայտել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդվող տեղեկության՝ Ավստրիայի կառավարության օժանդակությամբ Գյանջայում միջազգային օդանավակայանի տարածքին մոտ թեթև ինքնաթիռների և ուղղաթիռների հավաքման գործարանի կառուցման համար հատկացվելու է շուրջ 30 հեկտար տարածք:
Գործարանը կառուցելուց հետո՝ առաջին փուլում, նախատեսվում է հավաքել և վերանորոգել թեթև ինքնաթիռներ: Երկրոդ փուլի համար նախատեսված է սկսել նաև ուղղաթիռների հավաքման գործընթաց: Գործարանի հնարավոր կառուցման և շահագործման ժամկետները, ինչպես նաև այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Գյանջայում դեռևս խորհրդային տարիներից՝ 1978 թվականից, գործում է ինքնաթիռների վերանորոգման գործարան, որը ներկայում ներառված է Ադրբեջանի ՊՆ կազմում: 2014 թ. տվյալներով՝ այդ գործարարնում վերանորոգում էին՝
- Խորհրդային / ռուսաստանյան արտադրության ТВ3-117 դասի շարժիչներ,
- VR24, VR26, VR14, R7 տեսակի պտույտափոխանցիչներ (ռեդուկտոր):
2016 թ. մարտին ուկրաինական «Նաշի գրոշի» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ Ուկրաինայի «Կոնոտոպի ավիանորոգման գործարանը» Գյանջայի գործարարնի հետ ստորագրել էր 4 մլն 350 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ վերանորոգման աշխատանքների համաձայնագիր: Ըստ այդ տեղեկության՝ Ադրբեջանում պետք է 3 ամիս ժամկետում վերանորոգեին Ուկրաինային պատկանող 20 միավոր թռչող ապարատներ, շարժիչներ և կոնդուկտորներ:
Սակայն մինչ օրս այս մասին այլ տեղեկություններ չեն տարածվել: Իսկ նույն 2016 թ. օգոստոս և նոյեմբեր ամիսներին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում էին, որ Գանձակի գործարանը՝ ի դեմս տնօրեն Էթիբար Հասանովի (Hacı Etibar Həsənov), առանձնապես խոշոր չափի գումարներ է յուրացրել, գործարանն աշխատում է նվազագույն արտադրողականությամբ, աշխատողներին մի քանի ամիս աշխատավարձ չեն տալիս: