Թուրքիան Ադրբեջանին գումար կտրամադրի՝ թուրքական ռազմական արտադրանք գնելու համար

Ապրիլի 25-ին Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջան Հանրապետության կառավարությունների միջև ռազմական ֆինանսավորման մասին» համաձայնագիրը: Ըստ նախնական տեղեկությունների՝ նախատեսվում է Ադրբեջանի ՊՆ-ին տրամադրել շուրջ 8 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայության կայքը:

Ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի»՝ համաձայնագրի 10-րդ կետով նախատեսվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը առաջիկա 5 տարվա ընթացքում տրամադրել $8.067.871,80 (8 մլն 67 հազար 871,8 ԱՄՆ դոլար):

Այդ միջոցներով Ադրբեջանը պարտավորվում է «առաջին հերթին» գնել թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների ռազմական նշանակության արտադրանքներ, ծառայություններ: Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները:

Նշենք, որ նմանատիպ համաձայնագիր Թուրքիան 2016 թ. վերջին ստորագրել է նաև Ուկրաինայի հետ: Սակայն ի տարբերություն Ադրբեջանի՝ Ուկրաինային 5 տարվա ընթացքում Թուրքիան պետք է տրամադրի 15 մլն ԱՄՆ դոլար՝ շուրջ 7 մլն-ով ավելի՝ քան Ադրբեջանին:

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա հարաբերություններին՝ Ադրբեջանը Թուրքիայից և թուրքական ընկերություններից առհասարակ գնում է իրեն անհրաժեշտ ռազմական նշանակության արտադրանքների բավականին փոքր տոկոսը: Ադրբեջանի ռազմական ներկրումների մեծագույն մասը իրականացվում են Ռուսաստանից և Իսրայելից:

Ստորև ներկայացնում ենք 2012-16 թթ. Ադրբեջանին զենք մատակարարած երկրների ցանկը և մատակարարումների մասնաբաժինները՝ ըստ «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը» (SIRPI) տվյալների.

Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրները 2012-16 թթ. ըստ SIPRI-ի

Ադրբեջանին զենք մատակարարող հիմնական երկրները 2012-16 թթ. ըստ SIPRI-ի

Ինչպես երևում է նշված գրաֆիկից՝ Թուրքիան ապահովել է Ադրբեջանի ռազմական նշանակության արտադրանքների պահանջի միայն շուրջ 3 տոկոսը: Դրա փոխարեն Իսրայելին բաժին է ընկնում 22 տոկոսը, չնայած վերջին տարիներին անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում զգալի առաջխաղացում ունի նաև Թուրքիան: Այս համաձայնագրով Թուրքիան փորձում է խթանել ադրբեջանական զենքի գնման շուկայում թուրքական ընկերությունների հաստատմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *