Ապրիլի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերին։ Կողմերն, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը Եվրամիության պաշտոնյաներին ներկայացրել է Արցախի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանագոտու այլ հատվածներում վերջին շրջանի զարգացումները, ներկայում տիրող իրավիճակը:
Վիգեն Սարգսյանն ընդգծել է , որ հակամարտության կարգավորման բանակցությունների արդյունավետության համար կարևոր են միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության հասցեական դատապարտումները իրավիճակը սրող և նախահարձակ [ադրբեջանական] կողմին:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտ է նաև առաջնագծում իրավիճակի դիտարկման, միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների և այլ լուծումների միջոցով փոխվստահության միջավայր ձևավորել:
Հերբերթ Զալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունն ընդունում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը` պատրաստ լինելով ներդրում կատարել այդ ձևաչափով բանակցությունների ակտիվացմանը: