Հայաստանի քաղաքացին Կոլումբիայում վնասազերծել է իրեն գերեվարած ապստամբներին և փախել

2016 թ. նոյեմբերին Կոլումբիայի խոշորագույն ընդդիմադիր զինված խմբավորման՝ «Ազգային ազատագրական բանակի» կողմից գերեվարված ՀՀ և Ռուսաստանի քաղաքացի Արսեն Լևոնի Ոսկանյանը 2017 թ. ապրիլի 19-ին վնասազերծել է խմբավորման 5 անդամի և փախել գերությունից: Այս մասին ապրիլի 22-ին հայտնում է  կոլումբիական խմբավորման կայքը:

Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակի» զինյալներ

Կոլումբիայի «Ազգային ազատագրական բանակի» զինյալներ

Ոսկանյանը իրեն տեղափոխող զինյալներին հրազենային վնասվածքներ է հասցրել հենց զինյալների զենքով և կարողացել է փախչել: Նրա հետագա ճակատագրի մասին առայժմ տվյալներ չկան:

Կոլումբիական խմբավորումից հայտնել են, որ իրենք Ոսկանյանին տեղափոխում էին նրան ազատ արձակելու համար: Ոսկանյանին կոլումբիական խմբավորումը գերեվարել էր 2016 թ. նոյեմբերին, երբ նա անտառներում զբաղվում էր թունավոր գորտեր հավաքելով: Նշվում է, որ Ոսկանյանը նպատակ ուներ հետագայում վաճառել բավականին թանկ գնահատվող գորտերի տեսակները:

Հետագայում ռուսաստանյան կողմը Ոսկանյանին ազատ արձակելու խնդրանքով Կարմիր Խաչի միջոցով դիմել է կոլումբիական խմբավորմանը: Կոլումբիայում ՌԴ դեսպանատունը ներկայում Ոսկանյանի մասին հավելյալ տվյալներ դեռևս չի տրամադրել:

Նշենք, որ 2016 թ. «Կոլումիբիայի հեղափոխական զինված ուժեր» ձախ ծայրահեղական խմբավորման և Կոլումբիայի կառավարության միջև կնքված հաշտության պայմանագրից հետո «Ազգային ազատագրական բանակ» նույնպես ձախ ծայրահեղական, մարքսիստական գաղափարախոսությամբ գործող խմբավորումը դարձել է Կոլումիբիայի խոշորագույն ընդդիմադիր զինված խմբավորումը: Այն ստեղծվել է 1964 թ.՝ Կուբայից այդ երկիր վերադարձած մի շարք ուսանողների կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *